20 հոկտեմբերի 2016 - 16:57 AMT
Արևմտյան Ուկրաինայում կնշեն Հայ կաթողիկե եկեղեցու լուծարման 70-րդ տարելիցը

Ուկրաինայի խորհրդարանը որոշում է կայացրել 2016-ի հոկտեմբերի 25-ին նշել Արևմտյան Ուկրաինայում Հայ կաթողիկե եկեղեցու լուծարման 70-ամյա տարելիցը: Հոկտեմբերի 20-ին Գերագույն ռադան հավանություն է տվել համապատասխան օրինագծին:

Որոշման օգտին է քվեարկել 240 խորհրդարանական: Որոշման նախագծի հեղինակն է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Նիկոլայ Կնյաժիցկին, գրում է AnalitikaUA.net-ը:

Փաստաթղթում ասվում է, որ 1945-ին Արևմտյան Ուկրաինայում սկսվել է արևելյան կաթոլիկ եկեղեցիների ոչնչացումը: Առաջիններից մեկը Հայ կաթողիկե եկեղեցին է եղել: Ըստ պատմական աղբյուրների, Լվովի Հայ կաթողիկե թեմի լուծարման ճշգրիտ ամսաթիվը համարվում է 1946թ. հոկտեմբերի 25-ը:

«Նպատակ ունենալով պահպանել պատմական հիշողությունը և հաստատել Ուկրաինայի Սահմանադրության մեջ ամրագրված դավանանքի ազատության և ազգային փոքրամասնությունների իրավունքների ամրագրումը, դատապարտել կրոնական և ազգային հատկանիշով ցանկացած հետապնդումը` Ուկրաինայի Գերագույն ռադան որոշել է 2016-ի հոկտեմբերի 25-ին հիշատակել Արևմտյան Ուկրաինայում Հայ կաթողիկե եկեղեցու լուծարման 70-ամյա տարելիցը»,-ասվում է որոշման մեջ:

Ուկրաինայի կրթության և գիտության նախարարությանը հանձնարարվել է ապահովել տվյալ թեմայով դասերի անցկացումը միջին և բարձրագույն կրթական հաստատություններում:

Հայ Կաթողիկե Եկեղեցին պատկանում է Արևելյան Կաթոլիկ եկեղեցիներին և այսպիսով ենթարկվում է Հռոմի պապի առաջնությանը։ Հայ կաթոլիկ եկեղեցու հիմնադրման գաղափարը առաջացել է 12-րդ դարի վերջում Կիլիկյան Հայաստանի տարածքով դեպի Սուրբ հող ճամփորդող խաչակիրների և տեղի հոգևորականության միջև կապերի հաստատումից։ Ներկայիս Կաթողիկոս Ներսես Պետրոս ԺԹ. Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայրապետն է։

Պաշտոնապես Եկեղեցին սկիզբ է առել որպես ինքնավար հոգևորական հանրություն 1742 թվականին, երբ Հռոմի Պապ Բենեդիկտոս XIV Աբրահամ Պետրոս Ա. Արծիվեանին նշանակում է Կիլիկյան Հայաստանի Պատրիարք, որն այսպիսով փաստորեն դառնում է Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջին Պատրիարքը