Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրաքյան Մոսուլը, որը զավթել են «Իսլամական պետության» գրոհայինները, մի ժամանակ Թուրքիային էր պատկանում: Այդ մասին նա հայտարարել է թուրքական Բուրսայում:
«Պետք է հիշել, որ Իրաքում շատ են հին քաղաքները: Պատմության կտրվածքով և Քիրկուկն է մերը եղել, և Մոսուլը»,-ասել է նա, հայտնում է Gazeta.ru-ն:
Էրդողանը հիշեցրել է, որ շատերին դուր չի եկել, թե ինչպես է նա հիշատակել ազգային պակտը` 6 կարևորագույն որոշումներից բաղկացած հավաքածու (Միսաքը միլլի), որն ընդունել է Օսմանյան կայսրության վերջին խորհրդարանը: Թուրքիայի Ազգային ժողովի կայքում նշված է, որ «Օսմանյան կայսրության տարածքը բաժանած պետությունները շատ մտահոգված են եղել ազգային պակտի որոշումներով»:
Հոկտեմբերի 15-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Ռիզե քաղաքի (պատմական Տայքը) համալսարանում, ուղղակի տեքստով հայտարարել է, որ թուրքական պետությունն իրենն է համարում այն տարածքները, որոնք անմիջականորեն տեղակայված են Թուրքիայի այսօրվա ոչ լեգիտիմ սահմանների մերձակայքում: «Մեր հետաքրքրությունների բնագավառում են մտնում Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Ղրիմը, Ղարաբաղը, Ադրբեջանը, Բոսնիան և այլ եղբայրական շրջաններ։ Երբ Թուրքիան կկորցնի իր անկախությունը և կկորցնի իր ապագան, այդժամ մենք կկորցնենք հետաքրքրությունն այդ տարածքների նկատմամբ։ Շատ պատմաբաններ համարում են, որ Թուրքիայի սահմանների մեջ պետք է մտնեն Կիպրոսը, Հալեպը, Մոսուլը, Էրբիլը, Կիրկուկը, Բաթումին, Սալոնիկը, Վարնան, Արևմտյան Թրակիան և Էգեյան ծովի կղզիները», -հոկտեմբերի 15-ին հայտարարել է թուրքական պետության նախագահը։
«Ինչո՞ւ նա դրանց դուր չեկավ: Ես նրանց ուղղակի պատմության դաս մատուցեցի, դուք պետք է դա հասկանք»,-ասել է Էրդողանը:
Նա քննադատել է Արևմուտքի երկրներին` նշելով, որ վերջիններս «տառացիորեն ոչ մի բան չեն արել» Իրաքի և Սիրիայի համար:
«Ոչինչ չանելով` նրանք խանգարում էին թուրքերի պես անկեղծ ազգերին ինչ-որ բան անել»,-ասել է Էրդողանը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիային թույլտվություն հարկավոր չէ Մոսուլի ռազմական գործողությանը միանալու համար: Ըստ նրա, ԻՊ-ն սպառնում է Թուրքիային և Թուրքիայի պարտականությունն է միջոցներ ձեռնարկել կանխելու համար հնարավոր գրոհը ԻՊ կողմից, օգնելու հարևան Իրաքին ու Սիրիային: Նա հայտարարել է, թե Թուրքիային թույլտվություն հարկավոր չէ ռազմական գործողությանը միանալու համար:
Իրաքի խորհրդարանը դեմ է թուրք զինվորականների ներկայությանն Իրաքում, իսկ Բաղդադում Թուրքիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել պատգամավորներից այդ կապակցությամբ, որից հետո Անկարայում Իրաքի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ: