ԱԺ-ում հոկտեմբերի 26-ին «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու շուրջ քննարկմանը բարձրացվել է Քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների իրավունքների խախտման հարցը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նկատել է, որ ՔԿՀ-երում արտագաղթի պատճառով կան շատ կալանավորներ, որոնք հարազատներ չունեն երկրում. «Սակայն մարդիկ ունեն տեսակցության իրավունք. նրանք խնդրում են՝ Skype տեղադրել ՔԿՀ մի սենյակում, որ կարողանան մի կես ժամ շփվել ՌԴ-ում գտնվող իրենց հարազատների հետ: Այդ հարցը երեք տարի է՝ չկարողացաք լուծել, ու հիմա էլ այս բարի ցանկությունների հռչակագիրն եք դնելու դարակում: Հիմա դատապարտյալներն օրենքով իրենց վերապահված այդ իրավունքը ինչպե՞ս իրացնեն», - հարցրել է նա արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանին:
Քրմոյանը նշել է, որ խորքային խնդիրներ ունեն հիմա երկարատև տեսակցության հետ կապված. «Հիմա Կարմիր խաչի հետ համագործակցում ենք, որ գոնե մեկ-երկու տեղում այդ համակարգիչները տեղադրենք: Հույս ունեմ՝ հաջորդ քննարկմանը գոնե մեկ-երկու պիլոտային ծրագիր կներկայացնենք: Ինչ վերաբերում է բուն նախագծին, ապա դատապարտյալների կողմից մեծ ցանկություն կա՝ ներգրավվելու համար այդ ծրագրերում, այլապես կրկնահանցագործության ռիսկը մի քանի անգամ կմեծանա, քանի որ դատապարտյալների մեծ մասը նաև սոցիալական խնդիրներ ունեցողներ են», մեջբերում է A1plus.am-ը:
Զոհրաբյանը հայտարարել է, որ մոտ 300 դատապարտյալի հասցե կարող է տալ փոխնախարարին, որոնք աշխատանք չունեն. «Եկեք իրենց տեղավորենք աշխատանքի՝ հետո մյուսներին: Ես կարող եմ էլեկտրոնային մեյլով ձեզ ուղարել նրանց հասցեները: ԲՀԿ-ն, ցավոք, չի կարող դա անել, սակայն չեմ կարծում, որ հարցն այդպես բարդացնելու կարիք կա, որ դիմում եք ՄԱԿ. կարող ենք ԱԺ-ում հանգանակություն անել ու տեղադրել սքայփ: Հասկանում եմ, որ անվտանգության խնդիր կա, ռիսկերից ապահովագրելու խնդիր կա, սակայն կարող ենք տարբերակները քննարկել»:
Քրմոյանը վստահեցրել է՝ եթե տեխնիկական խնդիրը չլուծվի, կդիմեն ԱԺ: