31 մայիսի 2007 - 14:23 AMT
Մեծ ութնյակի ԱԳՆ ղեկավարները հանդես են գալիս ղարաբաղյան խնդրի շուտափույթ կարգավորման օգտին
Մեծ ութնյակի` G8 ԱԳՆ ղեկավարները ողջունում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սանքտ Պետերբուրգում 2007 թվականի հունիսի 9-ին կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու մտադրությունը: Այդ մասին ասվում է Պոտսդամում կայացած ոչ պաշտոնական հանդիպմանն ընդունված հայտարարության մեջ: «Մենք կոչ ենք անում նրանց շուտափույթ պայմանավորվածության հասնել հիմնարար սկզբունքների շուրջ, ճանապարհ բացելու համար հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ասվում է փաստաթղթում, հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը:

Ադրբեջանը կորցրել է Լեռնային Ղարաբաղի եւ մերձակա 7 շրջանների վերահսկողությունը 90-ականների սկզբին հայերի եւ ադրբեջանցիների միջեւ Ղարաբաղի պատկանելության շուրջ արյունահեղ հակամարտության արդյունքում: 1994 թվականի մայիսի 12-ից ի վեր հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցված են:

Հայաստանը պնդում է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծվի փաթեթային տարբերակով, իսկ Բաքուն ընդունելի է համարում հարցի փուլային լուծումը` սկզբից վերադարձնել Ադրբեջանին հայկական կողմի հսկողության տակ գտնվող տարածքները, վերադարձնել այնտեղ փախստականներին, այնուհետեւ բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք բերվեց ԵԱՀԿ ՄԽ միջնորդների տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ: