Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը չի բացառում, որ սոցիալապես անապահով խավերի համար գազի սակագինը կարող է նվազել մինչև 2017-ի հունվարի 1-ը, իսկ էլեկտրաէներգիայի սակագինը՝ մինչև փետրվարի 1-ը:
«Դուք ծանոթ եք վարչապետի առաջարկին սոցիալապես անապահով խավերի և գյուղատնտեսության որոշ ոլորտների համար գազի և էլենտրաէներգիայի խթանող սակագներ սահմանելու վերաբերյալ: Դրանով պայմանավորված՝ մենք հիմա քննարկում ենք: Եվ եթե լինի այն ֆինանսավորման աղբյուրը, որը մեզ անհրաժեշտ է այս խնդիրները լուծելու համար, մենք կգնանք այդ ճանապարհով:
Համաձայն «էներգետիկայի մասին» օրենքի` մենք մեր ընդունած որոշումները կարող ենք վերանայել միայն 6 ամիս անցնելու դեպքում: Ես չեմ բացառում, որ մենք մինչև 2017 թվականի հունվարի 1-ը կվերանայենք գազի, իսկ մինչև փետրվարի 1-ը՝ էլեկտրաէներգիայի սակագները»,- ասել է նա, մեջբերում է Yerkir.am-ը:
Հոկտեմբերի 25-ին ՀՀ նախագահն ու «Գազպրոմի» ղեկավարը քննարկել են գազի գնի իջեցումը սպառողներին հասանելի դարձնելու հարցը:
Հոկտեմբերի 17-ից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) սկսել է ուսումնասիրել գազի և էլեկտրաէներգիայի սակագինը վերանայելու հնարավորությունը: