28 հոկտեմբերի 2016 - 17:35 AMT
Ճանապարհային ոստիկանն այսուհետ կարող է տեղում գանձել նշանակված տուգանքը

Ճանապարհային ոստիկանության անձնակազմի հանդերձավորումը դյուրակիր տեսախցիկներով իրականացվել է ողջ ծավալով, և ծառայության ընթացքում բոլոր ճանապարհային ոստիկաններն արդեն համազգեստի վրա այդպիսի տեսախցիկ են կրում:

Ծառայության նման տեխնիկական հագեցումը թույլ է տալիս տեղում տուգանել ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդներին, ինչը ժամանակին կասեցվել էր՝ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նկատառումով: Քանի որ ներկայումս ողջ գործընթացը տեսաձայնագրվում է, Ճանապարհային ոստիկանը կարող է իրավախախտումն արձանագրելուց հետո տեղում գանձել նշանակված տուգանքը, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Դյուրակիր խցիկներով արված տեսաձայնագրությունը պահպանվում է 48 ժամ, ուստի քաղաքացիներին խնդրվում է ճանապարհային ոստիկանի գործողությունների հետ անհամաձայնության դեպքում հնարավորինս արագ տեղեկացնել այդ մասին: