Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Սիսիանի ջոկատի ազատամարտիկների հարազատներին:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ հայրենիքի պաշտպանության համար նահատակված բոլոր նվիրյալների հիշատակը միշտ վառ կմնա մեր ժողովրդի հիշողության մեջ` նրանց հերոսությունն ու սխրանքը համարելով հայրենասիրության ու անձնվիրության լավագույն օրինակներից, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել ինչպես ղարաբաղյան, այնպես էլ ՀՀ դիրքերը:
Ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մարտական գործողությունների ընթացքում ՀՀ-ից առաջնագիծ են մեկնել հազարավոր կամավորներ:
Սիսիանի Ախլաթյան և Դարբաս համայնքների ղեկավարները հետմահու պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով: