Պատրաստվել և տեղադրվել է «Լոռի բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի մուտքի դարպասը։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի 2016թ․ աշխատանքային պլանով նախատեսված արգելոցի դարպասի տեղադրումը դարձել էր անհրաժեշտություն։ Այն կկանխի կենդանիների մուտքը արգելոցի տարածք, կնպաստի հուշարձանի տարածքի սանիտարական վիճակի պահպանմանը և, ի վերջո, արգելոցը այցելուների համար ավելի ներկայացուցչական կլինի հենց մուտքից։
«Լոռի բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի մուտքի դարպասի նախագիծը (հեղինակ՝ ճարտարապետ Հովհաննես Սանամյան) հաստատել է ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդը։
Գեղարվեստական լուծումներով պատրաստված մետաղական դարպասն ունի արգելոցի պատմական ժամանակաշրջանին բնորոշ ոճ։ Դարպասին պատկերված է Կյուրիկյանների զինանշանին նմանվող խորհրդանշան, տեղեկացնում է Պատմական միջավայրի պահպանության ծառայությունը:
Պատմամշակութային արգելոցը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից ոչ հեռու` Ձորագետ և Միսխանա գետերի զառիթափ կիրճերով եզերված հրվանդանանման սարահարթում, ծովի մակարդակից 1490 մ բարձրության վրա: Արգելոցի տարածքում գտնվող բերդի մասին հավաստի տեղեկություն է տալիս XIII դ. պատմիչ Վարդան Արևելցին: Լոռե բերդը կառուցել է Անիի Բագրատունիների` Կյուրիկյան ճյուղի ներկայացուցիչ Դավիթ Անհողին թագավորը (989-1048թթ.) մոտավորապես՝ 1005–1020թթ.: