Ավելի քան 3,5 հազար սիրիացի զինվորական և 12,8 հազար քաղաքացիական անձ է զոհվել Սիրիայում 2016-ի փետրվարից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում գրոհայինների գնդակոծությունների հետևանքով: Այդ մասին ասվում ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որը տեղադրված է գերատեսչության պաշտոնական կայքում:
«Ռուսաստանն ապահովել է Սիրիայի կառավարության կողմից մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանումը: Փետրվար-սեպտեմբերին գրոհայինների զոհ է դարձել 16.000 մարդ` 3.500 սիրիացի զինվորական և 12.800 քաղաքացիական անձ»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ գրոհայինները բազմակի անգամ սաստկացրել են Հալեպի բնակելի թաղամասերի գնդակոծությունը, մեկ օրում 15 մարդ է զոհվել, 150-ը` վիրավորվել: Գրոհայինները ձգտում են որքան հնարավոր է մեծ վնաս հասցնել դպրոցներին, հիվանդանոցներին և սոցիալական օբյեկտներին: Հոկտեմբերի 11-ից ի վեր Սիրիայում գրոհի է ենթարկվել 5 դպրոց: Այդ մասին հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Անթոնի Լեյքը:
Հոկտեմբերի 28-ին ահաբեկիչները 2 ականային հարված են հասցրել Սիրիայում ՌԴ դեսպանատանը, ականներից մեկը պայթել է առաքելության շենքի մուտքի մոտ: Զոհեր չկան, սակայն դեսպանատանը նյութական վնաս է հասցվել, վնասվել է 4 ավտոմեքենա: Նշանառու կրակը բացել են Ջոբար շրջանից, որը վերահսկում են հակակառավարական ուժերը: ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է Դամասկոսում ՌԴ դեսպանատան գնդակոծությունը: