4 նոյեմբերի 2016 - 12:01 AMT
Վերլուծաբաններ. Քլինթոնը հետաքրքրված կլինի ԼՂՀ կարգավորմամբ, Թրամփի դիրքորոշումն անհայտ է

Միացյալ Նահանգների քաղաքական վերլուծաբանների կարծիքով նոյեմբերի 8-ին կայանալիք ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների արդյունքները որոշակի ազդեցություն կունենան Հայաստանի և Հարավային Կովկասի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության վրա: «Ամերիկայի ձայնը» հաղորդում է, որ նախկին դեսպան, Ատլանտյան Խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթի խոսքով, Հիլարի Քլինթոնը նախագահ դառնալու դեպքում կարող է նոր շունչ հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին.

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, կարծում եմ պետքարտուղար Քլինթոնը հետաքրքրված կլինի վերահաստատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Դա, անշուշտ, նրա առաջնահերթությունը չի լինի, սակայն, համոզված եմ, մենք քաղաքականության թարմացում կտեսնենք, որն իմ կարծիքով նպաստավոր կլինի Լեռնային Ղարաբաղի բնակչության համար»:

Ինչ վերաբերում է Դոնալդ Թրամփին, ապա Հարավային Կովկասի շուրջ նրա մոտեցումները վերլուծաբանին անհայտ են.

«Ինձ համար բարդ է պատկերացնել, որ նրան հետաքրքրի Լեռնային Ղարաբաղի խնդիրը»:

Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի ավագ վերլուծաբան Սթիվեն Բլանքի խոսքով, անկախ նրանից, թե ով կհաղթի նոյեմբերին ԱՄՆ-ում, Սպիտակ տանն անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Հարավային Կովկասի վրա.

«Միացյալ Նահանգները պետք է լրջորեն ակտիվացնի հարաբերությունները այս տարածաշրջանի բոլոր պետությունների հետ, որն իր մեջ է ներառում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ուղղված լուրջ ջանքեր»:

Reuters-ի հարցման արդյունքները վկայում են, որ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կրճատել է տարբերությունը, որը բաժանում է նրան մրցակցից` դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնից:

Նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում կայանալու են 2016-ի նոյեմբերի 8-ին: