ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ կառավարությունն իր գործունեությունը սկսել է հանրապետությունում բարեփոխումների գործընթացով, սակայն 30% աղքատության և գործազրկության բարձր ցուցանիշների պայմաններում այդ բարեփոխումները սկսվում են աշխատատեղերի կրճատումներից, նշում է Հայաստանի պետհիմնարկների արհմիությունը։
Ընդգծվում է, որ երկրում գործազրկության, սոցիալ-տնտեսական վատթարացող պայմաններում պետական հիմնարկների արհմիությունները կտրուկ դեմ են այդ մոտեցմանը։
«Անթույլատրելի ենք համարում մարդկանց առանց ապրուստի միջոցի թողնելը՝ առանց տնտեսության զարգացման, աշխատատեղերի ստեղծման և քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկելու։ 12.000 անդամ միավորող պետական հիմնարկների և ՏԻՄ-երի հանրապետական արհմիության անդամներն այսօր աշխատում են խուճապային պայմաններում: Հայաստանի պետհիմնարկների արհմիությունը դիմում է վարչապետին՝ կոչ անելով կասեցնել կրճատումների գործընթացը», - ասված է արհմիության հաղորդագրությունում։
Ներկայացվում է վարչապետին ուղղված բաց նամակը, որում մասնավորապես, ասված է.
«Դեռ 2016-ի գարնանը ՀՀ նախորդ կառավարությունը հայտարարել էր կրճատումների գործընթաց սկսելու մասին, սակայն հանրապետական արհմիության մտահոգությանն ի պատասխանՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դ.Հարությունյանը հավաստիացրել է, որ չի լինի առանց անհրաժեշտության կամ կամայական կրճատման գործընթաց, այլ կլինի մշտական ուշադրություն ծախսերի նպատակային և արդյունավետ օգտագործման նկատմամբ։
Սակայն այսօր արդեն նոր կառավարությունը Ձեր ղեկավարությամբ հայտարարում է կտրուկ կրճատումների անցնելու մասին` պատճառաբանելով, որ «պետական բյուջեով իրականացվող ծրագրերը չպետք է բեռ լինեն հարկատուի համար…»։ Մենք ևս` որպես հարկատուներ, շահագրգռված ենք պետական բյուջեի ծախսերի արդյունավետությամբ։ Հենց այդ պատճառով էլ դիմելով Ձեզ` առաջարկում ենք անարդյունավետ ծախսերը այլ հոդվածներում փնտրել։ ՀՀ Կառավարութան 2016թ. ծրագրում ամրագրելով, որ «անհրաժեշտ է հանրապետությունում իրականացվող արդյունավետ բարեփոխումների միջոցով ապահովել մեր երկրի գերագույն արժեք հանդիսացողի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու պաշտպանվածությունը, արժանապատվությունը, կենսամակարդակի բարձրացումը, արդար հասարակության մեջ ապրելը, լավատեսությունն ապագայի նկատմամբ», այնուամենայնիվ, կառավարությունը պատրաստվում է պետական աշխատողների մի ստվար զանգված փողոց նետել` առանց հաշվի առնելու, որ յուրաքանչյուրի հետևում մեկ հայաստանցի ընտանիք կա։
Համոզված ենք, որ կրճատումներով չի հաջողվի մեծ խնդիր լուծել. գոնե քաղաքացիական ծառայողների դեպքում կրճատումներից երկրի բյուջեն առաջին 6 ամսում ոչինչ չի շահի, քանի որ նույնիսկ ռեզերվում պետք է շարունակվի վճարվել նրանց աշխատավարձը, փոխարենը միայն սոցիալական լարվածությունը կխորանա»։
Նամակում նշվում է, որ անհրաժեշտ է նախ քայլեր ձեռնարկել տնտեսության առողջացման ուղղությամբ և միայն նորաստեղծ աշխատատեղեր ունենալու դեպքում քայլեր ձեռնարկել համապատասխան քանակով «անարդյունավետ» պետական աշխատողներին կրճատելու ուղղությամբ։
«Միաժամանակ Ձեր ուշադրությունը հրավիրում ենք ՀՀ կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև կնքված եռակողմ կոլեկտիվ պայմանագրի դրույթներին, որոնցով սոցիալական գործընկերության շրջանակներում կողմերը որոշակի պարտավորություններ են ստանձնել աշխատողների սոցիալ-աշխատանքային և դրա հետ կապված սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորման ուղղությամբ, որոնք միտված են լինելու արդյունավետ և կայուն զբաղվածության խթանմանը, գործազրկության մակարդակի կրճատմանը, սոցիալական պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Այնուամենայնիվ, կառավարությունը աշխատանքային շահերի պաշտպանության առումով էական նշանակություն ունեցող կրճատումների հարցը հարկ չի համարել քննարկել աշխատողների ներկայացուցիչների` արհմիությունների հետ»:
Նամակում առաջարկվում է կազմակերպել հասարակական քննարկումներ` ներգրավելով պետական հիմնարկներում գործող բոլոր արհեստակցական կազմակերպություններին, շահագրգիռ ճյուղային հանրապետական արհմիություններին, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչներին և ևս մեկ անգամ բազմակողմանիորեն վերլուծել աշխատողների կրճատումներից բխող բոլոր հնարավոր բացասական և դրական հետևանքները, որից հետո միայն իրավիճակին համապատասխան լուծում տալ:
ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 3-ի նիստում ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի գործունեության նպատակահարմարության հարցով մի շարք որոշումներ է ընդունել:
Այսպիսով, դադարեցվելու է հետևյալ պետական հիմնարկների գործունեությունը. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» (արդյունքում կտնտեսվի 65.5 մլն դրամ), ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» (արդյունքում կտնտեսվի 66.5 մլն դրամ), ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» (արդյունքում կտնտեսվի 61 մլն դրամ):