Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը վերանորոգումից հետո այցելուների համար կբացվի նոյեմբերի 9-ին: Թանգարանում գործելու է նաև համերգասրահ, որտեղ առաջին համերգը կկայանա նոյեմբեր 8-ին:
«Երևանի երաժշտական գունապնակ» նախագծի հեղինակն է կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին:
«Նորաբաց թանգարանում կա համերգային դահլիճ, որը շատ հարմար է կամերային համերգների համար: Լինելու է դասական համերգների շարք և «Երևանի երաժշտական գունապնակ» նախագիծը, որի մեկնարկը տրվելու է այսօր: Համերգաշարը ներկայացնելու է մայրաքաղաքի ամենատարբեր երաժշտական դրսևորումները»,- Panorama.am-ին հայտնել է Արծրունին:
Նրա խոսքով՝ նախագծի շրջանակում ներկայացվելու է ֆոլկ, ակուստիկ, հեղինակային, ջազ երաժշտություն:
Նախագծի հեղինակը հավելել է, որ ամեն համերգին լինելու է տարբեր ժանրի երաժշտություն, կատարողներ:
Նախագծի մեկնարկը տրվելու է հենց Վահան Արծրունու Trio nuovo խմբի (Վահան Արծրունի՝ վոկալ, կիթառ Մադաթ Ավանեսով՝ ստեղնաշար, Նելլի Մանուկյան՝ ֆլեյտա) համերգով:
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը տեղեկացրել էր, որտուն-թանգարանը հի մնանորոգումից հետո վերաբացվելու է սեպտեմբերի վերջին:
2013թ. մայիսի 1-ից Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը չի գործում. այն հիմնանորոգվում է: Այն ստեղծվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967թ. նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք: Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972թթ., և եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է այդ տանը կից 1967-ին: Սարյանի տան հատակագծի հեղինակն է Երևան քաղաքի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Թանգարանային հատվածը կառուցվել է Մարկ Գրիգորյանի նախագծով:
Հիմնանորոգումից հետո թանգարանը չորս հարկով է լինելու՝ նախկին երեք հարկի փոխարեն: Չորրորդ հարկի դահլիճն օգտագործվելու է միջոցառումների, ժամանակավոր ցուցադրությունների, համերգների կազմակերպման համար: