Շախմատի ակադեմիայում նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել դպրոցականների շախմատի օլիմպիադայի Երևան քաղաքի համայնքային փուլի բացումը:
Ներկա էր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: նա նշել է, որ դպրոցական օլիմպիադան մեծ ճանապարհի սկիզբ է, այստեղ հաղթական լավագույն արդյունքներ ցուցաբերածները կարող են ապագայում միջազգային օլիմպիականներ դառնալ՝ հավելելով, որ օլիմպիադայի բուն նպատակը մասսայական սպորտի զարգացումն է: Նախարարի խոսքով՝ երկիրը չի կարող օլիմպիական լավ ռեզերվ ունենալ, եթե չունի մասսայական սպորտ:
Հայաստանի դպրոցականների շախմատի օլիմպիադայի մրցաշարերին մասնակցում են մինչև 14 տարեկան դպրոցականները: Շախմատի օլիմպիադան անցկացվում է չորս փուլով, թիմային հաշվարկով (թիմը բաղկացած է 4 աշակերտից, որոնցից առնվազն 1-ը՝ աղջիկ):
Շախմատի դպրոցականների օլիմպիադաները կազմակերպվում են արդեն 11 տարի շարունակ, այս տարվա օլիմպիադայի երկրորդ՝ մարզային փուլին մասնակցում է մոտ 15.000 երեխա. առաջին՝ ներդպրոցական փուլում ձևավորվում են դպրոցների հավաքական թիմերը, որոնք մասնակցում են երկրորդ՝ համայնքային (տարածաշրջանային) մրցումներին:
Երկրորդ փուլում անցկացվում է մեկ ընդհանուր թիմային մրցաշար, յուրաքանչյուր համայնքի հաղթող թիմը դուրս է գալիս երրորդ` մարզային փուլ: Հանրապետության շախմատի դպրոցական թիմերի երկրորդ փուլի մրցումներն անցկացվում են 2016թ. հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում:
Նոյեմբերի 8-17-ը անցկացվում է Երևան քաղաքի համայնքային փուլը՝ ըստ վարչական շրջանների: Մրցաշարն անցկացվում է ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոններով:
Խաղացողին տրվում է 10 րոպե մինչև խաղի ավարտը` յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Անցկացվում է թիմային մրցաշար՝ շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով (հաղթանակը գնահատվում է 2 միավոր, ոչ-ոքին` 1 միավոր, պարտությունը` 0 միավոր):
Շախմատի օլիմպիադայի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ Հայաստանի շախմատի ակադեմիայի, տեղական ինքնակառավարման մարմինների կրթական ստորաբաժանումների աջակցությամբ: Շախմատի օլիմպիադայի հովանավորն է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ):