9 նոյեմբերի 2016 - 15:32 AMT
Շուլց. ԵՄ համար Թրամփի հետ աշխատելը դժվար կլինի

Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը կարծում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ աշխատանքում Եվրամիությունը դժվարություններ կունենա: Այդ մասին նա հայտարարել է Europe1 ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Դա դժվար կլինի, դա ավելի բարդ կլինի, քան նախորդ վարչակարգերի ժամանակ, սակայն նա ազատ ընտրված նախագահ է: Մենք կաշխատենք նրա հետ, ինչպես մյուս բոլոր նախագահների: Դա փոխադարձ հարգանք է բոլոր ժողովրդավարությունների միջև»,-ասել է Շուլցը, գրում է Lenta.ru-ն:

Նա նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ ապագա նախագահը կպահպանի «ԵՄ ինքնիշխան պետությունների հիմնարար կանոնները»:

ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո: Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 քվե:

Ընտրիչների ձևական բնույթ կրող քվեարկության ընթացակարգը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, իսկ 2017-ի հունվարի 6-ին Կոնգրեսը կհաստատի արդյունքները: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2017-ի հունվարի 20-ին: