11 նոյեմբերի 2016 - 13:13 AMT
ՍԱՊԾ նոր պետը ներկայացվել է. Խոստացել է զարգացնել ու կատարելագործել համակարգը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նոյեմբերի 11-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Իշխան Կարապետյանին:

Նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ է նշանակվել Իշխան Կարապետյանը։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արմեն Հայրապետյանն ազատվել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ պետի պաշտոնից։

ՍԱՊԾ նորանշանակ ղեկավարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել հանրապետության վարչապետին և նախարարին վստահության համար` հավաստիացնելով, որ ամբողջ թիմը կներդնի առավելագույն ջանքեր` խնդիրների արդյունավետ լուծման և համակարգի հետագա զարգացման ու կատարելագործման համար:

Նախարարը նշել է, որ Կարապետյանը պատրաստված և պրոֆեսիոնալ մասնագետ է, քաջատեղյակ է ոլորտին:

«Այսօր ունենք խնդիրներ անասնաբուժության, բուսասանիտարիայի ոլորտում, նաև պետք է ապահովել առավելագույնս խիստ վերահսկողություն սննդամթերքի անվտանգության ապահովման հարցում: Ձեր ամենօրյա աշխատանքը մշտապես հանրության ուշադրության և քննադատության առանցքում է, և ես լիահույս եմ, որ նոր ղեկավարի հետ համատեղ, կշարունակեք ստեղծված հիմքերի վրա բարելավել և զարգացնել Ծառայության աշխատանքների որակը` հասնելով առավել արդյունքների և նոր հաջողությունների»,- նշել է նախարարը:

Մինչև 2012-ը Իշխան Կարապետյանը «ՀայՌուսգազարտ» ՓԲԸ-ում եղել է վարչապետ Կարեն Կարապետյանի տեղակալը: Նաև զբաղեցրել է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնը:

Իշխան Կարապետյանը «Նաթֆուդ» ընկերության տնօրենն է: