11 նոյեմբերի 2016 - 17:56 AMT
Տեսադաս՝ ՀՀ և Արցախի դպրոցների մասնակցությամբ

Գյուղական դպրոցների զարգացման ծրագրի շրջանակում նոյեմբերի 11-ին Երևանի թիվ 198 ավագ դպրոցում կազմակերպվել է հերթական հեռավար դասը՝ Տավուշի մարզի Բերդավան, Սյունիքի մարզի Շաքի, Լոռու մարզի Լեռնապար և Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղերի միջնակարգ դպրոցների հետ:

Դասը վարել է 198 ավագ դպրոցի «Հասարակագիտություն» առարկայի ուսուցչուհի Լիլիթ Գրիգորյանը, տեղերում աշխատել են գյուղական դպրոցների ուսուցիչները, թեման վերաբերել է ՄԱԿ-կ կողմից հռչակված 17 առաջնահերթություններին և կրել է «Մոլորակի ամենամեծ դասը» անվանումը: Դասն անցկացվել է խմբային առաջադրանքների և քննարկումների մեթոդով. դասարաններից յուրաքանչյուրը տեսակապով ներկայացրել է առաջադրված հարցերի վերաբերյալ սեփական մոտեցումները, որից հետո թեման ամփոփվել է քննարկմամբ:

Տեսադասի տեխնիկական մասն ապահովվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը /ԿՏԱԿ/:

Տեսադասին փորձի փոխանակման նպատակով հրավիրվել է նաև Երևանի թիվ 186 հիմնական դպրոցի «Հասարակագիտություն» առարկայի ուսուցչուհին: Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանի գնահատմամբ՝ տեսադասերն աշակերտների շրջանում ոգևորությամբ են ընդունվում, իսկ ինքը կարողանում է իր աշխատասենյակից հետևել բոլոր դասերին.

«Մենք հանրապետության մի քանի դպրոցների նույն դասարանի աշակերտներին դարձրել ենք քննարկող խումբ, ովքեր իրար տեսնում են՝ միաժամանակ նախապատրաստվելով առաջադրված հարցերի պատասխաններին: Դասավանդման այս եղանակը հետագայում կարող է կազմակերպվել նաև դպրոցի ներսում: Սա շատ արդյունավետ մեթոդ է նաև մասնագետ-ուսուցիչների համար՝ փորձի փոխանակման առումով: Օրինակ, եթե մաթեմատիկայի փորձառու մասնագետները ներկայացնեն խնդիրների լուծման իրենց կողմից կիրառվող եղանակները»,- նշել է Թորոսյանը:

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանի խոսքով՝ ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, ամեն շաբաթ մարզային փոքր դպրոցների հետ հեռահաղորդակցային կապ է ապահովվում մարզային դպրոցների հետ:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարության հոկտեմբերի 13-ի նիստին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարել էր գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցային կապ ապահովել՝ մշակելով տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրի կիրառման մեխանիզմներ:

«Նախորդ շաբաթների ընթացքում կազմակերպված դասերը կոնկրետ առարկայի ծրագրային որոշակի նյութեր են եղել: Այս անգամ մենք որոշեցինք գնալ մի քիչ այլ ճանապարհով և ընտրեցինք խմբային քննարկման ձևաչափը, որպեսզի դասն ավելի ինտերակտիվ լինի, որպեսզի չստացվի որ Երևանից որևէ ուսուցիչ գրատախտակի մոտ ինչ-որ դաս է ներկայացնում, իսկ մյուսները պասիվ վիճակում լսում են: Մենք կարծում ենք, որ տեսադասերի ժամանակ բարձր մասնակցության ապահովումը պետք է խրախուսելի լինի»,- նշել է Պողոսյանը:

Նա հավելելել է, որ ինտերնետային կապով ապահովված են ՀՀ բոլոր դպրոցները, սակայն տեսադասերի ապահովման համար որոշ թվով դպրոցներ պետք է նաև տեխնիկական սարքավորումներ ունենան: Առաջիկայում նախատեսվում է քննարկում կազմակերպել տեսադասերի արդյունավետության, թեմաների, ձևաչափերի և մեթոդների ընտրության վերաբերյալ: Առաջիկա տեսադասը կկազմակերպվի Վանաձորի Էվրիկա, Գյումրու Ֆոտոն, Երևանի Քվանտ և ԵՊՀ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցների օլիմպիական խմբակների հետ՝ քննարկելու օլիմպիական որևէ խնդրի լուծում:

Հոկտեմբերի 21-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ «Այբ» դպրոցում իրականացվել է փորձնական հեռավար առաջին դասընթացը։ Միաժամանակյա կապ է հաստատվել ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի, Սևանի թիվ 1 և Իջևանի թիվ 5 դպրոցների հետ։