14 նոյեմբերի 2016 - 16:53 AMT
Կասպերսկին պատերազմ է հայտարարել Microsoft-ին. ՌԴ ԴՀԾ-ն գործ է հարուցել

Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը գործ է հարուցել Microsoft-ի դեմ «Մրցունակության պաշտպանության մասին» օրենքի խախտման հատկանիշներով: Այդ գործում որպես հայցվոր է ներկայանում «Կասպերսկու լաբորատորիան» որի ղեկավարն իր բլոգում բավականին մանրամասն ու պատկերավոր բացատրել է հայցի էությանն ու փաստացի պատերազմ է հայտարարել Գեյթսի կորպորացիային:

Ըստ Կասպերսկու, Microsoft-ը խեղդում է անկախ մշակողների էկոհամակարգը, գիտակցաբար մրցակցային առավելություններ է ստեղծում սեփական պրոդուկտի համար: Խոսքն այն մասին է, որ ՏՏ ոլորտի հսկան Windows 10-ի հերթական թարմացումից հետո էապես կրճատել է օպերացիոն համակարգի հետ կողմնակի ծրագրերի, այդ թվում հակավիրուսային, համատեղելիության ստուգման ժամկետը, հայտնում է Vesti.ru-ն:

Եթե նախկինում մշակողներին 2 ամիս էր տրվում իրենց պրոդուկտը թարմացված ՕՀ-ին հարմարեցնելու համար, ապա այժմ 6 օր է տրվում:

Windows 10-ը պարբերաբար ստուգում է կողմնակի համակարգերի համատեղելիությունը և եթե հայտնաբերում է, որ ծրագիրը թարմացված չէ, հայտնում է օգտատերին, որ իր համակարգը պաշտպանված չէ և առաջարկում է միացնել իր հակավիրուսային Defender ծրագիրը, և հայտնում, որ գործող հակավիրուսային ծրագիրը հեռացվում է: