14 նոյեմբերի 2016 - 16:10 AMT
ՆԱՏՕ-ի աջակցությամբ կիրականացվի հին զրահատեխնիկայի ուտիլիզացիա

Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը երախտագիտություն է հայտնել Հայաստանին կազմակերպության հուսալի գործընկեր լինելու համար: «Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործակցությունը կայուն է և երկարաժամկետ: Դրա վկայությունն է ՀՀ մասնակցությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին»,-ասել է Ապատուրայն իր տեսաուղերձում, որը նվիրված էր նոյեմբերի 14-ին Հայաստանում մեկնարկած «ՆԱՏՕ-ի շաբաթվան», գրում է «Նովոստի-Արմենիան»:

Ըստ նրա, Հայաստանն ու ՆԱՏՕ-ն խրախուսում են գործակցությունը զինված ուժերի միջև, ինչպես նաև կրթության և կոռուպցիայի դեմ պայքարում: «ՆԱՏՕ-ի շաբաթվա» ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի կրթության և կիբերանվտանգության հարցերին»,-ասել է Ապատուրայը:

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Մհեր Իսրայելյանն իր հերթին նշել է, որ ՆԱՏՕ-ն Հայաստանի հուսալի գործընկերն է: «ՀՀ ԶՈւ մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին, օպերատիվ հնարավորությունների գնահատմանը, մարտունակության գնահատմանը: ՆԱՏՕ-ի հետ գործակցության մեջ մենք մեծ հաջողության ենք հասել»,-ասել է նա:

Նա նշել է նաև, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակում, շուտով կմեկնարկի հին զրահատեխնիկայի ուտիլիզացիայի նախագիծը, ինչպես նաև ականների մասին բնակչության իրազեկության բարձրացման ծրագիրը: 1 մլն եվրո արժողությամբ ծրագիրը կֆինանսավորի Գերմանիան:

ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մատիաս Քիսլերը նշել է ՀՀ-ՆԱՏՕ- հարաբերությունների բարձր մակարդակը և հայտնել, որ միջոցառումներ կանցնեն նաև մարզերում:

Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային համագործակցությունը զարգանում է անվտանգության խնդիրների շուրջ քաղաքական երկխոսության, պաշտպանական բարեփոխումների, արտակարգ իրավիճակներին արձագանքման պլանավորման, «Գիտություն հանուն խաղաղության», Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղության հաստատման միջազգային գործողություններին Հայաստանի մասնակցության միջոցով: Սերտ համագործակցություն է ընթանում նաև Զինված ուժերի ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության և բարեվարքության ամրապնդման ոլորտներում: