16 նոյեմբերի 2016 - 12:21 AMT
Շենգավիթի դատավորի կողմից կաշառք ստանալու գործով նախաքննությունն ավարտվել է

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով կողմի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար, փաստաբան Է. Զաքարյանի միջոցով, պահանջել և հոկտեմբերի 27-ին քաղաքացի Հ.Դ.-ից Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է $1000 կաշառք:

Այս վարկածը հիմնավորվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում:

Քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Է. Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով: Ի. Բարսեղյանի նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հոկտեմբերի 27-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է՝ կաշառք ստանալու կասկածանքով: Ըստ դատական օրենսգրքի՝ ձերբակալման մասին որոշումը ոչ ուշ, քան ձերբակալման պահից 24 ժամ հետո ուղարկվում է Հանրապետության նախագահին և վճռաբեկ դատարանի նախագահին։

Քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել և Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: Առերևույթ հանցագործության առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն: