17 նոյեմբերի 2016 - 10:31 AMT
ՀՀ վարչապետը՝ ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին. Քննարկվել է դեղերի միասնական շուկան, մաքսային օրենսգրքի մախագիծը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 16-ին Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

Եվրասիական միջկառավարական խորհուրդը քննարկել, ապա հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին նախագիծը: Նախագծի քննարկման ժամանակ ընդգծվել է, որ ի թիվս տնտեսական զարգացման և միասնական տնտեսական տիրույթի հետագա առաջընթացը կարգավորող այլ հարցերի, մասնավորապես՝ հաշվի են առնվել անդամ երկրների բիզնեսի շահերը:

Միջկառավարական խորհրդի նիստում հավանության են արժանացել նաև միասնական շուկայում դեղերի շրջանառությունը կարգավորող իրավական նորմերը, որոնց համաձայն, 2017 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության տարածքում կգործի դեղերի միասնական շուկա: Արդյունքում՝ միասնական ընթացակարգին համապատասխան ԵՏՄ անդամ երկրներում գրանցված և ճանաչում ստացած դեղամիջոցների համար կապահովվի ազատ շրջանառություն ամբողջ ԵՏՄ տարածքում՝ առանց լրացուցիչ ընթացակարգերի: Քննարկման ժամանակ կարևորվել է այն հանգամանքը, որ վերոնշյալ նախագծի ընդունումը կհանգեցնի ԵՏՄ տարածքում դեղամիջոցների որակի բարձրացմանն ու դրանց գների նվազեցմանը:

Միաժամանակ ընդգծվել է, որ առհասարակ այս երկու նախագծերի ընդունումն էական քայլ է միասնական շուկայի կայացման ուղղությամբ:

Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշում է ընդունել խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2017 թվականի առաջին եռամսյակում՝ Բիշքեկում:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը կարճ ճեպազրույց է ունեցել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Վարչապետը բիզնեսի զարգացման տեսանկյունից կարևորել է նիստի ընթացքում ընդունված փաստաթղթերը, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը, միասնական շուկայում դեղերի շրջանառությունը կարգավորող իրավական նորմերը:

«Կարծում եմ՝ կարևոր փուլ է առաջ շարժվելու համար: Գրավիչ հանգամանքը Հայաստանի համար մեծ շուկան է: Եթե մեծ շուկան կանոնակարգվում է, խաղի կանոնները ֆիքսվում են, ապա կանոնավոր աշխատող բիզնեսի համար դա լավ է»,-ընդգծել է Կարապետյանը:

Նրա խոսքով, բիզնեսի համար անհրաժեշտ են հստակ, հասկանալի, երկարատև խաղի կանոններ:

Եվրասիական տնտեսական միության Միջկառավարական խորհրդի նախորդ նիստը կայացել էր Երևանում՝ մայիսի 20-ին: Նիստին մասնակցել են ԵՏՄ անդամ երկրների վարչապետները: