17 նոյեմբերի 2016 - 15:21 AMT
ՀՀ-ում մշակված էլեկտրոնային միասնական առողջապահական տեղեկատվական համակարգը` Թբիլիսիի GITI-2016-ի հաղթող

Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային միջոցառման ժամանակ հայկական ընկերությունները և պետական կառույցների ներկայացուցիչների լուծումները արժանացել են բարձր գնահատականի՝ ճանաչվելով լավագույնը:

Պետական հատվածից «Լավագույն ՏՏ ծրագրի առաջարկ» է ճանաչվել Հայաստանի էլեկտրոնային միասնական առողջապահական տեղեկատվական համակարգի նախագիծը:

Հայաստանի էլեկտրոնային առողջապահության նախագիծը մեկնարկել է դեռևս 2007-ին` ՀՀ առողջապահության նախարարության և Կենտրոնական բանկի ջանքերով: Այս ընթացքում սահմանվել են համակարգի գործունեության նպատակները, հայեցակարգը, պայմանները, խնդիրները և այլն: 2010-ին այն ներկայացվել է ՀՀ կառավարությանը, անցել լրամշակման և կատարելագործման գործընթաց: 2015 թվականի նոյեմբեր- դեկտեմբերին անցկացվել է պիլոտային փորձարկում, և 2016-ի մայիս-հունիսին կառավարության կողմից ընդունվել է ծրագրի վերջնական տարբերակը:

Ներկայումս տարվում է աշխատանք 2017 թվականի հունվարից Հայաստանում էլեկտրոնային առողջապահության համակարգը ներդնելու ուղղությամբ: Սկզբնական փուլում այն կգործի պետական պատվերի ապահովման շրջանակում: Միասնական առողջապահական համակարգը ներառելու է Հայաստանի բնակչության առողջապահական քարտերը` էլեկտրոնային տարբերակով:

ՀՀ առողջապահության հավաստիացմամբ՝ ծրագիրը հնարավորություն կտա կառավարել և զտել անիմաստ և կրկնակի հետազոտությունները, վերահսկել պետպատվերի իրականացումը, բացառել անհարկի դեղատոմսերի դուրսգրումը, արդյունքում` նպատակային բաշխել բյուջեն: Մասնագետների դիտարկմամբ` սա առողջապահության համակարգում ստվերային գործունեությունը բացառելու և վերացնելու ամենաօպտիմալ տարբերակն է:

Ավելի վաղ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) «Արմաթ» ինժեներական կրթական ծրագիրը Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային ՏՏ միջոցառման մրցանակաբաշխությանն արժանացել է «ՏՏ կրթության լավագույն մատակարարի» մրցանակին (The best provider of IT education):