17 նոյեմբերի 2016 - 15:45 AMT
Երեխայի պաշտպանության ինդեքսը. ՀՀ-ն ստանձնած պարտավորությունների միայն 30-35%-ն է կատարում

Հայաստանը Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով հանձնառած պարտավորությունների միայն 1/3-ն է կարողացել իրագործել` 30-35%-ը: Այս մասին նոյեմբերի 17-ին «Երեխայի պաշտպանության ինդեքս»-ի շնորհանդեսի ժամանակ ասել է «ՀՀ երեխաների պաշտպանության ցանցի» նախագահ Միրա Անտոնյանը՝ նշելով, որ օրենսդրությամբ և քաղաքականությամբ ամրագրված օրենքներում արտացոլված պարտականությունների և պրակտիկայի իրագործման միջև տարբերությունը շատ մեծ չէ, գրում է Panorama.am-ը :

Նրա խոսքով՝ Կոնվենցիայի իրագործման համար Հայաստանն իր քաղաքականության մեջ նոր հանձնառություններ պետք է վերցնի, որ կարողանա բավարարել Կոնվենցիայի պահանջները:

«ՀՀ երեխաների պաշտպանության ցանցը» ազգային կոալիցիա է, որը միավորում է երեխայակենտրոն քաղաքացիական հասարակության 42 կազմակերպություն: «ՀՀ երեխաների պաշտպանության ցանցը» կազմել է «Երեխաների պաշտպանության ինդեքս»-ը, որն իրականացվել է ևս 8 երկրում՝ Ալբանիա, Բոսնիա և Հերգեցովինա, Բուլղարիա, Կոսովո, Մոլդովա, Ռումինիա, Սերբիա և Վրաստան: Ինդեքսի հիման վրա գնահատվել է, թե որքանով են Հայաստանն ու մյուս ութ երկրները Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով ստանձնած իրենց պարտականություններն իրականացրել երեխաների պաշտպանության գործում:

Ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանի գնահատմամբ՝ երեխայի պաշտպանության ինդեքսը յուրօրինակ մի գործիք է, որով գնահատվում է երկրի առաջընթացը Կոնվենցիայի ստանձնած պարտավորությունների կատարման առումով, այն վերլուծում է երեխաների պաշտպանության համակարգը հինգ հարթությունում՝ քաղաքականություն, ծառայությունների տրամադրում, կարողություններ, հաշվետվողականություն և համակարգում:

Ինդեքսը բաղկացած է 626 ցուցանիշից, որոնք համընդհանուր կերպով գնահատում են պետության քաղաքականությունը և գործողությունները՝ պաշտպանեու ընդդատության տակ գտնվող աղջիկներին և տղաներին: Ինդեքսի միավորները հիմնված են 2014 թ. հունվարի 1-ի դրությամբ տվյաների վրա, քանի որ մյուս բոլոր ութ երկրում նույնպես այդ ժամանակվա տվյալներով են կազմված:

«Այս բոլոր 9 երկրին ունեն ընդհանուր՝ խորհրդային անցյալ: Նրանք բոլորը կտրուկ, արմատական փոփոխություններ են կատարել դեպի Կոնվենցիայով պայմանավորված պարտականությունների կատարում: Կախված այդ երկրների մշակույթից, քաղաքականությունից, ռեսուրսներից, առաջընթացը տարբեր է: Մեր նպատակն է հասկանալ, թե որ երկիրը որ հարցում է կարողացել լավ արդյունք գրանցել և կատարել փորձի փոխանակում, ուսումնասիրել լավագույն պրակտիկան»,- նշել է «ՀՀ երեխաների պաշտպանության ցանցի» նախագահը:

Վերլուծության համաձայն՝ Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաները շատ մեծ խնդիր ունեն, քանի որ անհրաժեշտ, իրենց կարիքներին համապատասխան ծառայություններ չեն ստանում:

ՀՀ-ում ծնողներից բաժանված երեխաների 92%-ը բնակվում է հաստատություններում, այդ երեխաներից 97%-ը հաշմանդամություն ունեն:

Հաշմանդամություն ունեցող երեխաների պաշտպանության հարցում ՀՀ միավորը կազմում է 0,445՝ առավելագույնը 1,0 միավորից:

Բռնությանն առնչվող բոլոր խնդիրների համեմատության մեջ ՀՀ-ն ամենաբարձր միավորն ունի թրաֆիքինգի և առևանգումների դեմ պայքարում: ՀՀ-ն նաև առաջնային գործողություններ է ձեռնարկում սեռական բռնությունների կանխարգելման և վերացան ուղղությամբ:

Երեխաների սեռական շահագործումից պաշտպանելու գործում Հայաստանն ունի 0,488 միավոր՝ առավելագույն 1,0 միավորից և զբաղեցնում է ութերորդ տեղը ինդեսքի 9 երկրի շարքում:

Տնտեսական շահագործումից պաշտպանելու գործում Հայաստանն ունի 0,381 միավոր՝ առավելագույնը 1,0 միավորից: Սա ամենավատ արդյունքն է ինդեքսի 9 երկրի շարքում երեխայի աշխատանքն արգելելուն ուղղված քայլեր ձեռնարկելու մասով:

Երեխաներին առևանգումից, վաճառքից կամ թրաֆիքինգից պաշտանելու գործում ՀՀ միավորը կազմում է 0,519՝ առավելագույն 1,0 միավորից: ՀՀ-ն կրկին 9 երկրի շարքում 8-րդն է երեխաներին առևանգումից, վաճառքից կամ թրաֆիքինգից պաշտպանելու մասով:

Որդեգրման առումով ՀՀ միավորը 0,409 ՝ առավելագույն 1,0 միավորից:

«Մենք նաև մեր առաջարկություններն ենք ներկայացնում: Սա պետության հետ երկխոսության մեջ մտնելու գործիք է: Մեր նպատակն է ոչ թե քննադատել պետությանը, այլ հասկանալ թույլ կետերը, երկխոսել պետության, նաև մեր դոնորների հետ: Սա մի կողմից երկրին կտա ավելի հասեցական առաջարկներ, մյուս կողմից առաջարկել պետությանն այն պիլոտային ծրագրերը, որոնք իրականացրել են և արդարացրել են իրենց, դառնան համակարգի մաս»,- նշել է Անտոյանը:

Նա ընդգծել է, որ ինդեքսում ներկայացված է միայն պետության ջանքերը, քանի որ Կոնվենցիան միայն պետության ջանքերն են. «Եթե գնահատեինք պետության ջանքեր՝ գումարած ՀԿ ջանքեր, պատկերն ավելի լավ կլիներ»:

Շնորհանդեսին ներկա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար տեղակալ Սոնա Հարությունյանը կարևորել է նման նախաձեռնությունը՝ առավել ևս ՀԿ-ների, միջազգային կառույցների կողմից:

«Երեխաների պաշտպանության ինդեքսի ուղղությամբ կատարված հետազոտության, վերլուծության գնահատման արդյունքում հստակեցվել են մեր երկրում երեխաների պաշտպանության շուրջ 15 ուղղությունով և օրենսդրության բնագավառում, և իրականացված ծառայությունների արդյունքում ստացված ցուցանիշները»,- ասել է փոխնախարարը` նշելով, որ նման ուսումնասիրություններն օգտակար են քաղաքականության առաջնահերթությունների ճիշտ սահմանման, քաղաքականությամբ նախատեսված միջոցառումների ճիշտ իրականացման ուղղությամբ:

Նա հավելել է, որ խնդիրներ ունեն որդեգրման, շուրջօրյա հաստատություններում մեծ թվով երեխաներ պահելու, խնամատար ինստիտուտների զարգացման, հաշմանդամություն ունեցող երեխաների ամբողջական ինտեգրման և այլ հարցերում, որոշակի առաջընթաց ունեն ներառական կրթության զարգացման ոլորտում: