21 նոյեմբերի 2016 - 17:39 AMT
ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավարը Ծիծեռնակաբերդ է այցելել

ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավար Յան Լիդլ-Գրեյնջերը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ նոյեմբերի 21-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։

Եվրոպացի բարձրաստիճան հյուրը ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու հարգել սուրբ նահատակների հիշատակը։

ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավարը եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնի վավերագրերին ու փաստաթղթերին, գրառում կատարել հուշամատյանում։

Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի անդամ Հերմինե Նաղդալյանը եւ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի անդամ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել են ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավար Յան Լիդլ-Գրեյնջերի հետ:

ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավարն իր գոհունակությունն է արտահայտել Հայաստանում հետեւողականորեն շարունակվող բարեփոխումների վերաբերյալ եւ ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիսանում է կոնֆլիկտի կարգավորման համար մանդատ ունեցող միակ մարմինը եւ պետք է բոլոր պայմաններն ունենա իր աշխատանքը կատարելու համար: Պահպանողականները եւս իրենց հնարավորությունների սահմաններում շարունակելու են օժանդակել ՄԽ շրջանակներում կոնֆլիկտի կարգավորման գործընթացին: