25 նոյեմբերի 2016 - 11:26 AMT
ՀՀ երկրաբանական ֆոնդի տվյալները թվայնացվում են

Հանքարդյունաբերության ոլորտի տեղեկատվության հասանելիության և մատչելիության ապահովման նպատակով մեկնարկել է Հանրապետական երկրաբանական ֆոնդում տվյալների թվայնացման աշխատանքները: Նախատեսվում է դրանք ավարտել 2017-ի ընթացքում։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի վարչության օգտակար հանածոների և ընդհանուր երկրաբանության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանի փոխանցմամբ, թվայնացման աշխատանքների իրականացման նպատակով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ ձեռք են բերվել անհրաժեշտ սարքավորումները և տեղադրվել Հանրապետական երկրաբանական ֆոնդ ՊՈԱԿ-ում։

Չնայած աշխատանքները սկսվել են տարվա երկրորդ կեսից, այնուհանդերձ արդեն իսկ իրականացվել է առկա ֆոնդային նյութերի ավելի քան 51 տոկոսի թվայնացումը։ Դրանք տեղադրված են այդ նպատակով ստեղծված www.geo-fund.am ինտերնետային կայքում և հասնելի են բոլորին.

Ըստ Քերոբյանի, Հանրապետական երկրաբանական ֆոնդում պահպանվող տեղեկատվության հասնելիության և մատչելիության ապահովումը դրական նշանակություն կունենա ոլորտի ներդրումային գրավչության համար։

«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը սահմանված կարգով իրականացնում է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքի երկրաբանական ուսունասիրության աշխատանքների, ընդերքօգտագործման թույլտվությունների ու պայմանագրերի, լեռնահատկացման ակտերի պատճեների, ինչպես նաև օգտակար հանածոների պաշարների հաշվետու հաշվեկշիռների վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվությունների գրանցումը և պահումը; օգտակար հանածոների հանքավայրերի և հանքերևակումների կադաստրի և օգտակար հանածոների պաշարների հաշվեկշռի վարումը; երկրաբանական ուսումնասիրությունների, օգտակար հանածոների հանքավայրերի ու դրանց պաշարների և ընդերքի վերաբերյալ այլ տեղեկատվական նյութերի հավաքումը, պահումը և տրամադրումը: