25 նոյեմբերի 2016 - 16:11 AMT
ԱԺ նոր կանոնակարգով խմբակցություններից դուրս գալու արգելքը կհանվի

Հայաստանի խորհրդարանն առաջիկա արտահերթ նիստում, այլ հարցերի թվում, կքննարկի նաև Ազգային ժողովի նոր կանոնակարգ օրենքի նախագիծը: Օրենք դառնալուց հետո հենց այդ փաստաթղթի հիման վրա պետք է աշխատի 2017 թ. ապրիլի ընտրություններից հետո ձևավորվելիք Ազգային ժողովը: Նոյեմբերի 25-ին նախագիծը քննարկվել է Պետաիրավական հարցերի հանձնաժողավում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նախագծում փոփոխությունները շատ են՝ կառավարման խորհրդարանական կարգի անցնող պետությունում օրենսդիրների դերակատարությունն ու աշխատանքի ծավալն ավելանալու է, ուստի՝ նախատեսվում է հրաժարվել երրորդ ընթերցման գաղափարից, քննարկումների մի մասն էլ տեղափոխել հանձնաժողովներ, կրճատել ելույթների և հարցերի համար նախատեսված ժամանակը:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշել է.«Ելույթների ժամկետը կրճատել ենք, որովհետև, ես չեմ ուզում իմ որևէ գործընկերոջ վիրավորեմ, բայց մրացավազք է կարծես թե ձևավորվել, որ այդ 10-12 րոպեն մինչև վերջ, ով մտավոր հնարավորություններ կունենա, խոսի»:

Սահակյանն ասել է նաև, թե որոշել են հանել խմբակցություններից դուրս գալու արգելքը. գործող կանոնակարգ օրենքով, խմբակցությունը լքելուց հետո պատգամավորական մանդատը պահպանել կարող են միայն մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներն ու համամասնական ցուցակում ընդգրկված առաջին երեք հորիզոնականները զբաղեցնողները: Համամասնական ընտրակարգով ընտրված մյուս պատգամավորներին ներկայումս նման հնարավորություն չի տրվում: Նոր կանոնակարգով առաջարկվում է հանել այդ պարտադրանքը:

«Հիմա մենք հստակեցրել ենք դաշտը, ասում ենք՝ եթե այս խմբակցության պատգամավորը ցանկություն չունի խմբակցության հետ աշխատելու, հնարավորություն ենք տվել՝ թող գրի և դուրս գա: Կամ խմբակցությունը տեսնում է, որ այս պատգամավորը լրիվ այլ ուղղությամբ է գնում, թող որոշի…Մենք այսօր պատկերը տեսնում ենք՝ մի խմբակցության մեջ 7 դիրքորոշում հայտնող պատգամավորներ ունենք: Դրա համար դաշտը պետք է հստակեցնել: Իսկ դուրս գալ, մնալ, մանդատից զրկելը դա սահմանադրական նորմ է, նրան ընտրել է ժողովուրդը»,- պարզաբանել է Հովհաննես Սահակյանը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ նոր կանոնակարգի նպատակներից մեկը խորհրդարանում ընդդիմության դերի բարձրացումն է, հետևաբար կանոնակարգը սահմանում է, որ ԱԺ փոխնախագահներից մեկը լինելու է ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչ: