ԼՂՀ-ում հատկապես օլիմպիական մարզաձևերի մարզիչների պակասի լուրջ խնդիր կա: Այս մասին ասել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ հանդիպմանը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ սպորտի նկատմամբ վերաբերմունքն Արցախում յուրահատուկ բնույթ է կրում, քանի որ, բացի առողջ ապրելակերպի խթանումից, Արցախի համար այն նաև կարևոր միջոց է աշխարհին ներկայանալու:
Հարությունյանը նշել է, որ թեև հաապետությունը զգալի ձեռքբերումներ ունի սպորտի բնագավառում, այնուամենայնիվ, անելիքներ շատ կան, և նոր մարզիկների հայտնաբերման առումով Արցախում չբացահայտված ներուժը մեծ է:
«Լինելով փոքր հանրապետություն՝ տարբեր մարզաձևերից ունենք աշխարհի ու եվրոպայի չեմպիոններ և առաջնակարգ մրցանակային տեղեր գրաված բազմաթիվ մարզիկներ: Նրանց գերազանց ելույթները ոչ միայն բարձր են պահում հայկական սպորտի պատիվը, այլև միջազգային հանրության շրջանում ավելի ճանաչելի են դարձնում Արցախը»,- ասել է վարչապետը:
Միաժամանակ նա հավելել է, որ Արցախում հատկապես օլիմպիական մարզաձևերի մարզիչների լուրջ խնդիր կա, և նախարարի ուշադրությունն է հրավիրել՝ այդ ուղղությամբ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարը նշել է, որ ոլորտում ունեցած իր երկարատև աշխատանքային փորձը հնարավորություն է ընձեռել լավ ծանոթ լինել Արցախի սպորտի և երիտասարդության բնագավառների հիմնախնդիրներին: Նա հավաստիացրել է, որ քննարկված հարցերի շուրջ առաջիկայում գործնական քայլեր կլինեն:
Ստեփանակերտում հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք: