28 նոյեմբերի 2016 - 15:11 AMT
Պրեմիերա Երևանում. Պիացոլլայի «Մարիա դե Բուենոս Այրես» տանգո օպերա

Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրնում տեղի կունենա արգենտինացի հայտնի կոմպոզիտոր Աստոր Պիացոլլայի «Մարիա դե Բուենոս Այրես» տանգո օպերայի պրեմիերան:

Բեմադրության հատուկ հյուրը կլինի հայտնի բանդեոնահար Կառլոս Բուոնոն, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

Ներկայացումները տեղի կունենան դեկտեմբերի 8-ին և 9-ին: Միջոցառման կազմակերպիչն է Նոր երաժշտական թատրոնը և Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամը։

«Մարիա դե Բուենոս Այրեսը» Մարիայի կյանքի տխուր պատմությունն է, որի ճակատագրում, ինչպես հայելու մեջ, արտացոլվել է տանգոյի պատմությունը: Տանգո օպերան ստեղծվել է 1967-ին: Լիբրետոն արգենտինացի բանաստեղծ Օրասիո Ֆերերոյինն է: Ստեղծագործության մեջ զարմանալիորեն համարդված են իսպաներենի հնչեղությունն ու տանգոյի զգացմունքային երաժշտությունը: Օպերան 16 պարային և երգային համար ունի: