Ադրբեջանի քաղհասարակության աշխատանքային խումբը հրապարակել է քաղբանտարկյալների թարմացված ցուցակը, որտեղ 119 անձ կա:
Հոկտեմբերի 17-ին հրապարակված նախորդ ցուցակում 94 մարդ կար:
25 նոր քաղբանտարկյալներից 24-ը Նարդարանի գործով ձերբակալված հավատացյալներ են, մեկը` կրոնական ակտիվիստ Գյանջայից, հայտնում է Contact.az-ը:
111-էջանոց զեկույցում քաղբանտարկյալները բաժանված են 6 խմբի: «Լրագրողներ/բլոգերներ» խմբում են ընդգրկվել բլոգերներ Աբդուր Աբիլովը և Ռաշադ Ռամազանովը, լրագրողներ Սեյմուր Հազին, Արազ Գուլիևը, Նիջաթ Ալիևը և Ֆիքրեթ Ֆարամազօղլուն:
«Գրողներ/բանաստեղծներ» անվանակարգում հիշատակված են երգիծաբան բանաստեղծ Տոֆիգ Հասանովը և գրող Սադայ Շեքերլին: «Իրավապաշտպանները» բաժնում ընդգրկված է փաստաբան Ալիաբաս Ռուստամովը «Եսաուլ» իրավաբանական ֆիրմայից, որը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման կաշառք տալու մեղադրանքով:
«Երիտասարդ ակտիվիստներ» խմբում 5 մարդ կա. NİDA շարժման անդամներ Իլկին Ռուստամզադեն և Էլգիզ Ղահրամանովը, Հեյդար Ալիևի հուշարձանին գրաֆիտի նկարած երիտասարդները, ինչպես նաև «Ադրբեջանի ժողովրդական ճակատի» ակտիվիստ Էլվին Աբդուլլաևը:Ամենամեծ խումբը» հավատացյալ ակտիվիստներն» են:
Բացի քաղբանտարկյալ ճանաչված 119 անձից դիտարկման են ենթակա ևս 25 պոտենցիալ քաղբանտարկյալների գործերը:
Ըստ աշխատանքային խմբի, իրականում քաղբանտարկյալների թիվն Ադրբեջանում շատ ավելի մեծ է: Ցուցակը կազմվել է ըստ ԵԽԽՎ 2012թ. հոկտեմբերի 3-ի թիվ 1900 բանաձևի չափանիշների: Ցուցակը ստորագրել է ավելի քան 20 իրավապաշտպան, ՈԿԿ ղեկավար ու իրավաբան: