28 նոյեմբերի 2016 - 16:34 AMT
ԿԲ-ն նվազեցրել է ՀՀ տնտեսության աճի կանխատեսումը մինչև 1,3-1,8%

ՀՀ ԿԲ-ն, 2016-ի արդյունքներով, նվազեցրել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը` 2,8-3,4%-ից հասցնելով 1,3–1,8%։

Այս մասին ասվում է 2016-ի չորրորդ եռամսյակի արդյունքներով դրամավարկային քաղաքականության ծրագրի հիման վրա կազմված Գնաճի հաշվետվությունում, հայտնում է ԱՌԿԱ-ն։

Հաշվետվության մեջ ասվում է, որ 2016-ի տնտեսական աճի ԿԲ կանխատեսումները վերանայվել են նվազման ուղղությամբ` հիմնականում պայմանավորված երկրորդ եռամսյակում սպասվածի համեմատ արձանագրված ավելի ցածր տնտեսական աճով, երրորդ եռամսյակում առևտրի շրջանառության ցածր ծավալների պահպանմամբ, ինչպես նաև գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտներում թողարկման ծավալների նվազման ռիսկերի դրսևորմամբ։

2016-ին ակնկալվում է Ռուսաստանից դեպի Հայաստան դրամական փոխանցումների նվազման տեմպերի էական դանդաղում։ Մասնավոր տրանսֆերտները դեռևս կրճատողական ազդեցություն կունենան ներքին պահանջարկի վրա, որը կմեղմվի 2015-2016 թվականներին իրականացված դրամավարկային և հարկաբյուջետային ընդլայնողական քաղաքականության ազդեցությամբ և տնտեսությունում առկա գնանկումային միջավայրով։ Այս պայմաններում տարվա համար ակնկալվում է ներքին պահանջարկի 0,4 տոկոսանոց աճ, որի պարագայում վերջինիս մակարդակը դեռևս ցածր կլինի իր հավասարակշռից։

Այսպիսով, թույլ ներքին պահանջարկի պահպանման պայմաններում 2016-ին տնտեսական աճին հիմնականում կնպաստի զուտ արտահանումը։

Հաշվետվության տվյալներով, 2016-ին ՀՀ ԿԲ-ն արդյունաբերության ոլորտում կանխատեսում է ավելացված արժեքի 5,5-6,1% աճ, ծառայությունների ոլորտում` 2,2-2,6%-անոց աճ։

Միաժամանակ, 2016-ին ավելացված արժեքի անկում կգրանցվի շինարարության ոլորտում` 1,8-2,6 տոկոսով, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում` 0,7-0,1 տոկոսով։

Պետբյուջեի համաձայն, ՀՆԱ աճը Հայաստանում 2016-ին նախատեսված է 2,2 տոկոսի չափով։

Հոկտեմբերին Արժույթի միջազգային հիմնադրամը բարձրացրել էր Հայաստանի 2016թ. տնտեսության աճի կանխատեսման ցուցանիշը մինչև 3.2%, իսկ 2017-ին` մինչև 3.4%: Նախորդ զեկույցում, որը հրապարակվել էր 2016-ի ապրիլին, ԱՄՀ-ն Հայաստանի համար 2016-ին 1,9% աճ էր կանխատեսել, իսկ 2017-ի` 2,5%: Ըստ ՀԲ վերջին կանխատեսման, տնտեսական աճը 2016-ին կկազմի 1,9%, ՎԶԵԲ-ն ակնկալում է 2%, Fitch-ը`2%, Moody’s-ը` դանդաղում մինչև 2,2%:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, տնտեսական աճը Հայաստանում 2016-ի երկրորդ եռամսյակում կազմել է 1,5%` առաջին եռամսյակի 4,5% համեմատ: