29 նոյեմբերի 2016 - 17:46 AMT
Գերմանական Heckler & Koch-ն այսուհետ զենք չի վաճառի Թուրքիային

Հրաձգային զենքի արտադրությամբ զբաղվող գերմանական Heckler & Koch ընկերությունն այսուհետ զենքի մատակարարման պայմանագրեր չի կնքի Թուրքիայի հետ:

Նշվում է, որ նման պայմանագրեր այլևս չեն ստորագրվի նաև ՆԱՏՕ-ին չանդամակցող երկրների հետ, քանի որ չափազանց դժվարացել է կառավարության թույլտվություն ստանալը նման գործարքների համար, գրում է Reuters-ը:

Գերմանական Heckler & Koch-ն զենք արտադրող ամենահայտնի ընկերություններից է աշխարհում: Ընկերությունն առաջիկայում զենք կվաճառի միայն ժողովրդավարական և կոռուպցիայից զերծ երկրներին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ կամ ՆԱՏՕ-ի անդամի գործընկեր հանդիսացող երկրներին, գրում է DPA-ն ընկերությունում իր աղբյուրի վրա հղումով:

Ըստ նրա, ռազմավարության այդ փոփոխությունը թույլ կտա բացառել գործարքներն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Մեքսիկան, Բրազիլիան, Հնդկաստանը կամ նույնիսկ Թուրքիան, չնայած, որ վերջինս ՆԱՏՕ-ի անդամ է:

Թուրքիան անդամակցել է ՆԱՏՕ-ին 1952-ի փետրվարին:

Ընկերությունը դեռ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը:

Գերմանական Heckler & Koch ընկերությունը Գերմանիայի, ինչպես նաև այլ երկրների բանակի և ոստիկանության հիմնական մատակարար ընկերություններից մեկն է: Ընկերությունը հրաձգային զենք է արտադրում, ատրճանակ-գնդացիրներ, ատրճանակներ և գնդացիրների տարբեր մոդելներ: