Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Միշել Տեմերին՝ Կոլումբիայի Մեդելին քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը տասնյակ զոհերի պատճառ է դարձել։
Հանրապետության նախագահը Բրազիլիայի համար այս դժվարին պահին վշտակցություն և զորակցություն է հայտնել նախագահ Տեմերին, բարեկամ Բրազիլիայի ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ոգու արիություն և համբերություն:
Միաժամանակ փաստը, որ ողբերգական վթարից փրկվածներ կան, ըստ ՀՀ Նախագահի, արդեն իսկ առաջ նայելու ուժ է տալիս:
Նոյեմբերի 29-ին 77 ուղևոր փոխադրող ինքնաթիռ է վթարվել Կոլումբիայում: Ուղևորների թվում էին նաև բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները: Ուղևորներից բացի ինքնաթիռում անձնակազմի 9 անդամ է եղել: 6 մարդ ողջ է մնացել, որից երեքը՝ ֆուտբոլիստ: