30 նոյեմբերի 2016 - 13:34 AMT
Ամերիկայի հայկական համագումարը խրախուսում է ԱՄՆ-ի՝ ՀՀ ընտրություններին աջակցելու որոշումը

Միացյալ Նահանգները խոստացել է ֆինանսավորել կոնկրետ միջոցառումներ, որոնք նախատեսված են բարելավելու վստահությունն ընտրական գործընթացի նկատմամբ և օգնելու կանխել ընտրակեղծիքները 2017-ի հայաստանյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ամերիկայի հայկական համագումարը խրախուսում է ԱՄՆ կառավարության որոշումն՝ աջակցել այս նախաձեռնությանը՝ հաշվի առնելով դրա կարևորությունը՝ Հայաստանում ժողովրդավարական գործընթացն ամրապնդելու հարցում:

Համագումարը նշում է, որ ԱՄՆ ֆինանսավորումը կաջակցի համաձայնագրերը, որ ստորագրվել են Հայաստանի կառավարության և ընդդիմադիր երեք առաջատար կուսակցության միջև՝ 2017թ. ապրիլի ընտրությունների քվեարկության անցկացման վերաբերյալ: Դրամական միջոցներ կուղղվեն սարքավորումների ձեռք բերմանը, որոնք անհրաժեշտ են քվեարկության և քվեաթերթիկների հաշվման ուղիղ միացմամբ հեռարձակումների, ինչպես նաև ընտրողների ինքնության էլեկտրոնային հաստատման և ՀՀ Ընտրական օրենսգրքում այլ փոփոխությունների համար:

ԱՄՆ դեսպանատունը միջազգային դոնոր գործընկերների հետ, որոնք բոլորն աշխատում են Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի հետ համատեղ, կօգնի ֆինանսավորել ՀՀ կառավարության, քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության ջանքերն՝ ուղղված Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ վստահության ամրապնդմանը՝ քվեարկության օրն ընտրողների նույնականացման և ընտրություններից հետո ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման միջոցով, ինչպես ամենը սահմանված է հունիսի և սեպտեմբերի համաձայնություններով

Միացյալ նահանգները միանում է Եվրոպական Միությանը, Միացյալ Թագավորությանը և Գերմանիային՝ տրամադրելու ֆինանսական աջակցություն՝ ուղղված առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար նոր քվեարկության գործընթացներին և սարքավորումների ձեռքբերմանը:

«Թե իշխանությունը, թե ընդդիմությունը հարգանքի են արժանի համաձայնությունը կյանքի կոչելու համար, որով Հայաստանն առանձնանում է», - ասել են Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը:

«Ազգային միասնականության անհրաժեշտությունը զգալիորեն վերստին ընդգծվեց Ադրբեջանի նախաձեռնած ապրիլյան պատերազմից և հրադադարի ռեժիմի ընթացիկ խախտումներից հետո, որոնցով փորձ է արվում Հայաստանին դրդել արձագանքելու», - հավելել են Համագումարի համանախագահները:

Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972- ին: Այն ամենամեծ համազգային, ոչ կուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: