
Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովի շենքի մոտ մի խումբ նաիրիտցիներ են հավաքվել՝ պահանջելով ԱԺ-ում բարձրացնել վերագործարկման հարցը:
Նոյեմբերի 28-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Չիչոյանի նախագահությամբ, որոշում է կայացրել սնանկ ճանաչել «Նաիրիտ» գործարան ՓԲԸ-ն: «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ -ն դեռևս 2015-ին տարի դիմել էր դատարան՝ «Նաիրիտը» սնանկ ճանաչելու պահանջով: Երբեմնի քիմիական հսկան ՀԷՑ-ին մոտ 1. 235 մլրդ դրամ է պարտք, և սնանկության հայց ներկայացնելով ՀԷՑ-ը ցանկանում է ստանալ տարիների ընթացքում կուտակված պարտքը։
Ցույցի մեկնարկից քիչ անց նաիրիտցիներին մոտեցել է Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը ու խոստացել հարցը բարձրացնել խորհրդարանում, գրում է Azatutyun.am-ը:
««Նաիրիտը» կարող է բազմաթիվ սոցիալական հարցեր լուծել։ Դա կարող է լինել մեր տնտեսության ողնաշարը: Հետևողական լինելով՝ մենք շրջանառության մեջ ենք դրել նաիրիտցիների խնդիրներին վերաբերող նախագիծ: Այսօր մեր խմբակցության կողմից հնչեցվելու է հարցը», - ասել է պատգամավորը:
Նա նաիրիտցիներին խորհուրդ է տվել սպասել գալիք խորհրդարանական ընտրություններին: Ցուցարարները, սակայն, թերահավատ էին, ասում էին՝ ընտրությունները սովորաբար կեղծվում են, իսկ իրենք կրկին մնում են կոտրած տաշտակի առաջ։
Խաչատրյանը վստահեցրել է, թե կեղծիքներ չեն լինելու, և նրանց քվեները «տեղ հասնելու են»:
Ցուցարարներն այնուհետև երթով շարժվել են դեպի նախագահի նստավայր, որտեղ շարունակել են բողոքի ակցիան:
Կարդացեք նաև՝ Նաիրիտցիների կոչը Կարապետյանին՝ ժամանակավորապես դադարեցրեք գործարանի սնանկության վճիռը