ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ի երեկոյան Համբուրգում հանդիպում է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակում:
Հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Թեև ավելի վաղ խոսվում էր ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպման հավանականության մասին, սակայն դեկտեմբերի 8-ին Համբուրգում նման հանդիպում չի կայացել:
Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ավելի վաղ հայտարարել է, որ Ադրբեջանը չի կատարում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները:
Համբուրգում ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոն հայտարարություն են տարածել, նշելով, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է «ճկունություն ցուցաբերեն և վերադառնան բանակցությունների սեղանի մոտ»: Լավրովը, Քերրին և Էյրոն պատրաստակամություն են հայտնել հյուրընկալել երկու նախագահների հանդիպումը, «երբ նրանք դրան պատրաստ կլինեն»:
Ընթերցեք նաև.ՄԽ համանախագահ երկրները կոչ են անում Բաքվին ու Երևանին վերսկսել բանակցությունները