Աշխատանքային այցով դեկտեմբերի 08-11-ը Լեռնային Ղարաբաղ այցելած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 11-ի երեկոյան Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Ղարաբաղ այցելած Հայաստանի մշակույթի գործիչների հետ:
Սերժ Սարգսյանը նման հանդիպում ունենալու պատրաստակամություն հայտնել էր Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ օրեր առաջ ունեցած հանդիպման ժամանակ: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մշակույթի նախարարները:
Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցների խնդրանքով նախ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղ իր աշխատանքային այցի նպատակը, այցի շրջանակներում ունեցած հանդիպումների, խորհրդակցությունների, Պաշտպանության բանակի պաշտպանական դիրքեր և զորամասեր այցելությունների արդյունքները, ապա պատասխանել մշակույթի գործիչներին հետաքրքրող հարցերին, լսել ոլորտի առանձին խնդիրների վերաբերյալ նրանց մտահոգություններն ու դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ առաջարկությունները, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Արմեն Ամիրյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին էր փոխանցել ՀՀ նախագահի հետ մշակույթի գործիչների հանդիպման խնդրանքը: Նախագահը սիրով համաձայնել է հանդիպելու և զրուցելու նրանց հետ, նշելով, որ ինքն էլ այդպիսի հանդիպման անհրաժեշտություն ունի, իր մոտ էլ շատ հարցեր են կուտակվել և խնդրել է պատրաստ լինել անկեղծ զրույցի: