3 հուլիսի 2007 - 18:35 AMT
The New York Times. Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը չի կարող արդար լինել
Համաշխարհային մամուլը լայնորեն լուսաբանում է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը: Ինչպես գրում է The New York Times-ը, տվյալ դատավարությունը հանդիսանում է քննություն Թուրքիայի հանար օրենքի գերակայության հարցում: Հոդվածում նշվում է, որ դատավարությունն ընթանում է դռնփակ, քանի որ կասկածյալներից մեկը անչափահաս է: The New York Times-ը նաեւ պնդում է, որ, ըստ պաշտպանների, դատավարությունը չի կարող արդար լինել այս գործի նկատմամբ չափազանց մեծ հետաքրքրության պատճառով: Իր հերթին, ֆրանսիական Le Monde-ը հիշեցնում է, որ ոստիկանությունը տեղյակ էր պատրաստվող հանցագործությանը, սակայն հետաքննության մասին պահանջը մերժվել էր:

Իսպանական El Pais թերթը գրում է, որ տվյալ գործընթացը ցույց կտա թուրքական դատարանի օբյեկտիվության մակարդակը, ինչպես նաեւ հավելում է, որ դեռ կասկածներ կան, որ Թուրքիայում գործում է «պետություն պետության մեջ» համակարգը: EI Pais-ը նաեւ նշում է, որ ԵԽ-ն ուշադրությամբ հետեում է դատավարությանը:

Ստամբուլի դատարանը, որը երեկ սկսել է «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը, որոշում է կայացրել ընդլայնել հետաքննության շրջանակները եւ քննարկել նաեւ պաշտոնյաների թերի գործողությունների վերաբերյալ մեղադրանքները: Տասներկու ժամ ձգված լսումներից հետո դատարանը ազատ է արձակել տասնութ կասկածյալներից չորսին, ինչպես նաեւ հետաձգել է դռնփակ դատավարությունը մինչեւ հոկտեմբերի 1-֊ը: