Դեկտեմբերի 12-ին Ջերմուկում տեղի է ունեցել «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ նորակառույց գործարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը իր բացման խոսքում նշել է, որ բնական և հանքային շշալցված ջրերի արտադրության ոլորտը Հայաստանի տնտեսության զարգացող ուղղություններից մեկն է։ Նա շեշտել է, որ երկրի տնտեսության համար գործարանի բացումը կարևոր իրադարձություն է, որը հերթական անգամ փաստում է Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի առկայության մասին, ինչն արտադրական գործունեություն ծավալելու և բիզնեսում հաջողություններ ունենալու լավագույն գրավականն է:
Միջոցառման մասնակիցները շրջայց են կատարել նորակառույց գործարանում՝ ծանոթանալով թարմացված արտադրական հոսքագծերին, արտադրական հզորություններին և «Ջերմուկ գրուպի» առաջիկա ծրագրերին:
Նորակառույց գործարանի գործարկմամբ «Ջերմուկ Գրուպն» ընդլայնում է իր գործունեությունը։ Այդ նպատակով ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակում իրականացրել է մոտ 5 մլրդ ՀՀ դրամի ներդրում` ներկրելով եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներ:
Նշված ներդրումային ծրագրի իրականացմանը նպաստելու համար, պետական աջակցության գործիքակազմի շրջանակում, ընկերությանը տրամադրվել է ներկրված սարքավորումների ԱԱՀ-ի գումարների վճարման հետաձգում և մաքսատուրքից ազատում:
Ծրագրի իրականացման արդյունքում ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան ավելի քան 5 մլրդ դրամի արտադրանք, որի մոտ 50%-ը կարտահանվի: Նոր գործարանի կառուցմամբ աշխատատեղերի քանակն ընկերությունում կավելանա մոտ 15%-ով:
Հայաստանում բնական և հանքային շշալցված ջրերի արտադրության ոլորտի տարեկան արտադրանքը կազմում է մոտ 12 մլրդ ՀՀ դրամ, որի մոտ 30 %-ը արտահանվում է։ Ոլորտում աշխատում է ավելի քան 1200 մարդ։
«Ջերմուկ գրուպ» ընկերությունը հանքային և բնական աղբյուրի ջուր արտադրող խոշորագույն ընկերությունն է Հայաստանում: