Դեկտեմբերի 16-ին Երևանում երկու բանկոմատի վրա ավազակային հարձակում է կատարվել: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել են, որ Բաղրամյան փողոցում ահազանգ են ստացել, որ ՎՏԲ-Հայաստան բանկին պատկանող բանկոմատին ամրացված է գազի բալոն և հնարավոր է պայթի: Իսկ Սարյան փողոցում ահազանգը, ըստ աղբյուրի, եղել է աղմուկի մասին, հաղորդում է Panorama.am-ը:
Ոստիկանությունից հայտնել են նաև, որ հերթապահ խմբերը բաշխված են, կատարվում են քննչական գործողություններ: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Քննչական կոմիտեի խոսնակ Սոնա Տռուզյանն էլ ասել է, թե առաջին ահազանգը ստացվել է Կենտրոն տարածքից և դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբը: Սարյան փողոցում պայթեցվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին պատկանող բանկոմատը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են դրամներ, կատարվել է հափշտակություն: Ներկայումս քննությամբ ճշտվում է վնասի չափը:
Հաջորդ ահազանգը ստացվել է Արաբկիր վարչական շրջանից, հանցագործություն կատարած անձինք չեն հասցրել ավարտին հասցնել գործը:
ՎՏԲ-Հայաստան բանկը հաղորդագրություն է տարածել կողոպտման փորձի մասին, որում ասված է.
«Այսօր գիշերը ժամը 4:30-ին կատարվել է Բաղրամյան փող, 56 հասցեում թիվ 4 մասնաճյուղի հարևանությամբ տեղակայված ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատի կողոպտման փորձ: Հանցագործներին չի հաջողվել իրականացնել կողոպուտ, բանկոմատին հասցվել է աննշան վնաս»: