16 դեկտեմբերի 2016 - 13:59 AMT
Երևանում Ամանորի միջոցառումների վրա 39 մլն դրամ կծախսվի

Ամանորյա միջոցառումների անցկացման համար Երևանի քաղաքապետարանը ծախսելու է 39 միլիոն դրամ: 2015-ի համեմատ այս տարվա միջոցառումների համար նախատեսված գումարը կրճատվել է 20 միլիոն դրամով: Այս մասին լրագրողներին հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

2014-ին Ամանորյա միջոցառումների անցկացման համար Երևանի քաղաքապետարանը ծախսել է 48 մլն դրամ:

Նրա խոսքով՝ ապրիլյան իրադարձություններից հետո քաղաքապետարանն ավելի շատ ձեռնամուխ է լինում սոցիալական ծրագրերի իրականացմանը, սոցիալական ծրագրերն առավել ուղղված են զոհված, հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին, իսկ մշակութային ծրագրերի համար նախատեսված բյուջեն կրճատվել է, գրում է Panorama.am-ը:

«Մենք փորձել ենք տոնական մթնոլորտն ապահովել մի քիչ ավելի զուսպ միջոցներով: Դա հիմնականում պայմանավորված է Հանրապետության հրապարակի միջոցառումների ծավալները կրճատելով և հիմնական միջոցառումներն Ազատության հրապարակում անցկացնելով: Բացի այդ, մայր տոնածառի լույսերի միացման արարողությունը, որը կայանալու է դեկտեմբերի 19-ին, նույնպես կանցկացվի առանց մեծ միջոցառման, ինչպիսին սովարաբար լինում էին նախորդ տարիներին»,- ասել է փոխքաղաքապետը:

Նրա տեղեկացմամբ՝ սոցիալական ծրագրերի շրջանակում 4000 երեխա այցելելու է երևանյան թատրոններ՝ դիտելու տոնածառային ներկայացումներ, 40.000 երեխա, այդ թվում նաև մանկապարտեզի, ստանալու են քաղցրավենիքով ամանորյա փաթեթներ, 23.000 ընտանիքի տրվելու է ամանորյա պարենային փաթեթներ՝ որպես աջակցություն:

Տոնական միջոցառումներ անցկացվելու են Երևանի բոլոր վարչական շրջաններում: Միայն դեկտեմբերի 31-ի միջոցառումն է անցկացվելու Հանրապետության հրապարակում:

Դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը 02:00-ն, իսկ մնացած օրերին՝ օրիչնաչափ ռեժիմով: Ինչ վերաբերում է ամանորյա օրերին հասարակական տրանսպորտի աշխատանքային ժամերին, Արամ Սուքիասյանն ասել է. «Խոցելի խնդիր է, ամեն ինչ կանենք, որպեսզի փորձենք բավարարել հասարակությանը»:

Հունվարի 2-5-ը ժամը 11:00-17:00-ն կաշխատեն նաև Երևանի պատմության թանգարանը, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Ժամանակակից արվեստի թանգարանը: