Նախընտրական արշավում Դոնալդ Թրամփի խորհրդական և Ջորջիայից ընտրված նախկին կոնգրեսական Ջեկ Քինգսթոնը Մոսկվայում փակ դռների հետևում հանդիպել է ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչների հետ և բարձրացրել է ՌԴ դեմ գործող պատժամիջոցների չեղարկման հարցը: Այդ մասին հայտնում է Ինտերֆաքսը CNN-ի վրա հղումով:
CNN-ը հղում է անում Քինգսթոնի հարցազրույցին NPR-ին, որտեղ նա հայտարարել էր, որ Թրամփը «կարող է քննարկել արդեն մի ամբողջ հավերժություն գործող պատժամիջոցների հարցը»:
«Արդյոք դա տվել է ցանկալի արդյունք: Թրամփը պարտավոր չէ հավատարիմ մնալ Օբամայի սկզբունքներին արտաքին քաղաքականության մեջ: Դա նրան նոր մեկնարկի հնարավորություն է տալիս»,-ասել է նա:
Թրամփի խորհրդականը պատմել է նաև, որ հանդիպել է Մոսկվայում ամերիկացի գործարարների հետ, իսկ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչների կամ ԱՄՆ դիվանագետների հետ չի շփվել:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Exxon Mobil ընկերության ղեկավար Ռեքս Թիլերսոնին նշանակելու մտադրության մասին: Հայտնի է, որ Թիլերսոնը ծանոթ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նույնիսկ «Բարեկամության շքանշան» է ստացել նրանից: