Դեկտեմբերի 24-ից Միջերկրական ծովի շրջաններում ձևավորվում է ցիկլոն, որը տեղաշարժվում է դեպի Հայաստան: ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 24-ի ցերեկն առավելապես Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում և Արմավիրում, Երևանում և Վայոց Ձորում կտեղա թույլ ձյուն:
Դեկտեմբերի 25-ին՝ կեսօրից հետո և 26-ին հանրապետության ամբողջ տարածքը կգտնվի այդ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում բոլոր մարզերում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
«Օդի ջերմաստճանը մինչև դեկտեմբերի 24-ը էապես չի փոխվի, իսկ դեկտեմբերի 25-26-ին և հարավային տաք օդային հոսանքների բուռն ներհոսքը և ամպամածության խիտ շերտը կնպաստեն, որ օդի ջերմաստիճանը գիշերները հանրապետության բոլոր մարզերում կբարձրանա 13-15, ցերեկը 6-8 աստիճանով: Արդյունքում արդեն դեկտեմբերի 26-ին օդի ջերմաստիճանը կլինի կլիմայական նորմայի սահմաններում»,- հայտնել է Սուրենյանը:
Դեկտեմբերի 14-ից հանրապետության տարածքում հաստատվել էր անոմալ ցածր ֆոն. օդի միջին ջերմաստիճանը տարեկան նորմայից ցածր էր 10-15 աստիճանով: Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Շիրակի Պաղակն բնակավայրի հատվածում՝ հասնելով -35 աստիճանի, Աշոցքում՝ -33, Արարատյան դաշտում և Երևանի ցածրադիր գոտում՝ -22 աստիճանի: Դեկտեմբերի 22-23-ին առանց տեղումների եղանակը և ցածր ջերմային ֆոնը կպահպանվի: