Պակիստանի պաշտպանության նախարար Հավաջա Մուհամմադ Ասիֆը բավականին կտրուկ կերպով հիշեցրել է Իսրայելին, որ Պակիստանը միջուկային զենք ունի: Այդ մասին գերատեսչության ղեկավարը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Իսրայելի պաշտպանության նախարարը միջուկային վրեժով է սպառնում Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարում Պակիստանի ենթադրվող դերակատարության կապակցությամբ: Իսրայելը մոռանում է, որ Պակիստանը ևս միջուկային զենք ունի»,-գրել է նա իր միկրոբլոգում, հայտնում է Lenta.ru-ն:
Ինչպես գրել է The Guardian-ը, այդ գրառումը պատասխան է «Իսրայելի պաշտպանության նախարար. Եթե Պակիստանը զորք ուղարկի Սիրիա, ինչ պատրվակով էլ լինի, մենք կոչնչացնենք այդ երկիրն ատոմային հարվածով» վերնագրով հրապարակմանը, որը հայտնվել է AWD News կայքում դեկտեմբերի 20-ին: Իսրայելի պաշտպանական գերատեսչությունում հոդվածը հորինվածք են անվանել` նշելով, որ նախարարը երբեք նման հայտարարություններ չի արել: