18 հուլիսի 2007 - 19:17 AMT
Բաքվում Պիտեր Սեմնեբիի հանդիպումների հիմնական թեման կլինի Ղարաբաղի հակամարտությունը
Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների զարգացման հարցերի քննարկման համար Հարավային Կովկասի երկրների հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հուլիսի 19-ին կայցելի Ադրբեջան: Երկօրյա այցելության ընթացքում Սեմնեբին մտադիր է խորհրդատվություններ անցկացնել Ադրբեջանի պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Պիտեր Սեմնեբին նաեւ բանակցություններ կանցկացնի արտգործնախարարի հետ: Հանդիպման հիմնական թեման կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:

Հիշեցնենք, որ Հարավային Կովկասի երկրների հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին վերջին անգամ Հայաստանում եղել է հուլիսի 16-ին: Երեւանից Սեմնեբին պետք է ուղեւորվեր Ստեփանակերտ, սակայն կես ճանապարհին փոխել է երթուղին եւ վերադարձել է Երեւան: Դիվանագետի նման որոշման պատճառները մինչեւ հիմա անհայտ են: Միեւնույն ժամանակ, Պիտեր Սեմնեբին բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ մտադրվում է այցելել Լեռնային Ղարաբաղ: