
Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից դեկտեմբերի 29-ին շրջանառության մեջ դրված տեղեկությունն այն մասին, թե իբր հայկական ուժերի կողմից Ակնայի (Աղդամ) ուղղությամբ ձեռնարկված արկակոծության արդյունքում հրդեհվել է համանուն շրջանի Ահմեդաղալը գյուղի տներից մեկը, ոչ այլ ինչ է, քան սեփական ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարք: Այս մասին ասվում է ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ չնայած հակառակորդի կողմից պարբերաբար առաջնագծում ձեռնարկվող սադրիչ քայլերին, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ինչպես դեկտեմբերի 28-ին, այնպես էլ դեկտեմբերի 29-ի ընթացքում որևէ զինատեսակից պատասխան գործողության չեն դիմել:
Արցախի զինված ուժերը շարունակում է հետևել հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը:
Այս պահի դրությամբ իրավիճակն առաջնագծում հանգիստ է:
Դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 40 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է ավելի քան 750 կրակոց: ԼՂՀ ՊՆ-ից հաղորդում են, որ առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ: