4 հունվարի 2017 - 11:24 AMT
Հրադադարը խախտվել է մոտ 40 անգամ․ Հայկական կողմը պատասխան գործողության չի դիմել

Հունվարի 3-ին և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 700 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել: Շփման գոտու ամբողջ երկայնքով հայ դիրքապահները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել առաջնագծի պաշտպանությունը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հունվարի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 50 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց: Հյուսիս-արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ (1 արկ):