9 հունվարի 2017 - 11:21 AMT
Երևանի թիվ 4 ընտրատարածքում «Ելքից» առաջադրվել է Ալեն Սիմոնյանը

Ապրիլի 2-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններին Երևանի թիվ 4 ընտրատարածքում վարկանիշային քվեարկությամբ առաջադրվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը։

«Ես պատրաստվում եմ մասնակցել խորհրդարանական ընտրություններին և պայքարի մեջ մտնել «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների իմ գործընկերների հետ՝ «Ելք» դաշինքի շրջանակներում։ Առաջադրվելու եմ թիվ 4 ընտրատարածքում, որը ներառում է Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջանները»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Ալեն Սիմոնյանը։

Նա նաև նշել է, որ քաղաքցիների օգնության կարիքն ունի և հորդորել է միանալ ու ընտրատեղամասերում ներկայացնել իրեն, դառնալ իր վստահված անձը։

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է. ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2017 թվականի ապրիլի 2-ին: