Վրաց-ադրբեջանական սահմանի այն հատվածում, որը սկսվում է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանների խաչմերուկից ու շարունակվում մինչև «Կարմիր կամուրջ» (Красный мост) անցակետը, մոտ 6,5 կմ երկարությամբ, ադրբեջանական կողմը կառուցել է պաշտպանական կառույցներ և մարտական հենակետեր, որոնք մխրճվում են Վրաստանի տարածքի մեջ մինչև 450 մ և ընդհանուր առմամաբ կազմում են 800-1000 հա:
Այս մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը՝ ներկայացնելով սեփական հետազոտության արդյունքները:
Կարմիր գիծը վրաց-ադրբեջանական պետական սահմանն է, կարմիր և կանաչ կետագծերը՝ սահմանի խախտումները համապատասխանաբար Պապաքարի ու Կարմիր կամուրջի հատվածներում
Մելիքսեթյանը մանրամասնեց, որ Պապաքարի բարձրունքը, որը ռազմավարական կարևոր կետ է, ամբողջովին գտնվում է Վրաստանի տարածքում՝ ադրբեջանական սահմանն անցնում է բարձրունքից մի փոքր հարավ: Սակայն այս հատվածում ադրբեջանցիները խորացել են Վրաստանի տարածք մոտ 400 մ և ստեղծել ռազմական հենակետերի համակարգ, որն ամբողջովին Վրաստանի տարածքում է: Բարձրունքի տիրապետումը դիրքային առավելություն է տալիս ադրբեջանական կողմին դիմացի հայկական հենակետերի նկատմամբ:
Ադրբեջանական մարտական հենակետերն ու, դեղին գույնով՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած վրացական տարածքը: Կոորդինատները՝ այստեղ
«Ավելի արևելք ընկած հատվածը խորհրդային տարիներին վեճերի առարկա է եղել, սակայն 80-ականների սկզբին կատարվել է վերջնական դեմարկացիա՝ սահմանազատում, որի արդյունքում այդ սահմանը փոխվել է հօգուտ Վրաստանի: Հենց այդ սահմանն էլ դարձել է արդեն պետական ու նշված է Google-ի քարտեզում և պաշտոնական աղբյուրներում»,- նշեց քաղաքագետը:
Խորհրդային քարտեզի վրա երևում է նախկին սահմանը (սև կետագծով) և վերջնական հաստատվածը (մանուշակագույն)
Ի դեպ, նույն խորհրդային Գլխավոր շտաբի քարտեզի վրա երևում է նաև, որ ավելի լուրջ փոփոխություններ կատարվել են հայ-ադրբեջանական սահմանի վրա՝ հատկապես Բարեկամավան գյուղի հատվածում անհամեմատ ավելի խոշոր հողատարածք անցել է ադրբեջանական Քեմերլի գյուղին:
1980-ականների սկզբին փոփոխություններ կատարվել են նաև հայ-վրացական սահմանի Պապաքարի լեռնաշղթայի հատվածում՝ հօգուտ Վրաստանի: Սակայն հենց այդ փոփոխված սահմաններն են եղել միջհանրապետական սահման խորհրդային վերջին տարիներին և, հետևաբար, անկախության հռչակումից հետո, դարձել են միջպետական սահման: Այդ փոփոխությունները հաստատվել են որպես հայ-վրացական պետական սահման, ինչն արտացոլվում է նույն Google քարտեզներում:
«Այս հատվածում, ադրբեջանական պաշտպանական դիքերը հիմնականում կրկնում են հին, արդեն անվավեր վարչական սահմանի գծերը, սակայն նույնիսկ տվյալ դեպքում անցնում են այդ սահմանից դուրս և հիմանականում անցնում են լեռնաշղթայի բարձրունքով: Դրա արդյունքում ադրբեջանցիները գերիշխում են Վրաստանի հարակից հարթավայրային տարածքների վրա»,- մանրամասնեց Մելիքսեթյանը՝ հավելելով, որ Վրաստանի պետական սահմանն այս հատվածում խախտվում է միջինը մոտ 200 մ խորությամբ, առավելագույնը՝ 350 մ:
Այս հատվածում Վրաստանից զբաղեցված տարածքը մոտ 700 հա է, ինչը կարելի է տեսնել նույն Google գործիքների միջոցով: