14 հունվարի 2017 - 10:24 AMT
Սուրենյան. Մթնոլորտային բարձր ճնշման գոտին չարիք է դարձել Արարատյան դաշտի համար

Հայաստանի տարածքի վրա ձևավորված հզոր անտիցիկլոնը, որը մթնոլորտային բարձր ճնշման գոտի է, նրանում պարունակված օդային հոսանքները ունեն մեծ խտություն և կշիռ և հիմնականում կատարում են վարընթաց շարժում, այսինքն՝ մթնոլորտի վերին շերտերից իջնում են դեպի ներքին շերտեր: Այս մասին հայտնել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով՝ նշելով, որ այն «դարձել է իսկական չարիք Արարատյան դաշտի և նրան հարող նախալեռնային գոտիների համար»:

«Նախ այն ստեղծել է օդային պատնեշ, որը արգելափակում է արևմուտքից տեղումնաբեր ցիկլոնների մուտքը դեպի Հայաստն և արդեն 20-րդ օրն է, ինչ Արարատյան դաշտը և նրան հարող նախալեռնային գոտիները գտնվում են խիտ մառախուղի և լճացած սառը օդային զանգվածների մեջ:

Քանի որ առաջիկա 5 օրերին այդ արգելափակող անտիցիկլնի ուժը չի թուլանալու, հետևաբար եղանակային պայմանների լուրջ փոփոխություններ չեն սպասվում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում ինչպես նաև Երևանում մառախուղը կպահապանվի, մառախուղից կտեղա նաև թույլ ձյուն, իսկ մյուս շրջաններում սպասվում է փոփոխական ամպամածություն և առանց տեղումների եղանակ»,- մանրամասնել է Սուրենյանը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին ժամը 09:30-ի դրությամբ Եղվարդի, Բաղրամյանի տարածաշրջանների և Կոտայքի մարզի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 -100մ:

Վարդենյաց և Սպիտակի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: