27 հուլիսի 2007 - 16:45 AMT
Ստամբուլում արքեպիսկոպոս Մութաֆյանի վրա մահափորձի ծրագիր ունեցող հանցագործ խմբավորում է բացահայտվել
Ստամբուլում պաշտոնաթող սպաների հանցագործ խմբավորում է բացահայտվել, որը մահափորձ էր ծրագրում Հունական ուղղափառ եկեղեցու առաջնորդ, պատրիարք Բարդուղեմեոս I-ի եւ Հայ Առաքելական Եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարք արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանի վրա: Ինչպես գրում է Aksham թերթը, 2007 թվականի հունիսին «Ազգային ուժերի միություն» կազմակերպությանը պատկանող զենքն ու պայթուցիկ նյութերը հայտնաբերվել են թուրք իրավապահների կողմից Ստամբուլի մերձակայքում: Ծրագրվող մահափորձերի ապացույցները հայտնաբերվել են կազմակերպության ղեկավար Բեքիր Օզթուրքի համակարգչում: Նշված զոհերի թվում էին նաեւ հրեա գործարար Իսահակ Ալաթոնը, որի գործընկերը վերջերս սպանվել է չբացահայտված հանգամանքներում:


Բացահայտված քրեական ցանցը ավելի քան հարյուր գրասենյակ ուներ երկրի 40 շրջաններում եւ ավելի քան 600 հազ. անդամ: Հետաքննության մարմինները դիմել են հատուկ ծառայություններին առաջարկելով մեծացնել երկու պատրիարքների, ինչպես նաեւ Իսահակ Ալաթոնի պաշտպանությունը, հաղորդում է Hayinfo-ն: