31 հուլիսի 2007 - 21:18 AMT
ՀԱՊԿ-ն ու ՇՀԿ-ն համագործակցության արձանագրություն են ստորագրելու
Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) եւ Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) մի քանի օրվա մեջ համագործակցության մասին արձանագրություն են ստորագրելու: Այդ մասին հեռուստակամրջի ժամանակ, որի ընթացքում չինական կողմի հետ քննարկվել են ՀԱՊԿ-ի եւ ՇՀԿ-ի համագործակցության հարցերը, հայտնել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Համագործակցության արձանագրությունը արդեն ամբողջությամբ պատրաստ է: Դրա ստորագրումը մի քանի օրվա հարց է»,- ասել է Բորդյուժան: Նա նշել է, որ այդ փաստաթղթում հստակ նշված են կազմակերպությունների միջեւ համագործակցության բոլոր ձեւերը: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով, նման արձանագրությունները ՀԱՊԿ-ի եւ ՇՀԿ-ի միջեւ մինչ այդ չեն ստորագրվել: «Դա նմանատիպ առաջին փաստաթուղթն է»,- ընդգծել է Բորդյուժան:
Ն. Բորդյուժան նշել է, որ ՀԱՊԿ-ի եւ ՇՀԿ-ի համագործակցության համատեղ դաշտը շատ մեծ է: «Անվտանգության բոլոր հարցերը, որոնք այսօր գոյություն ունեն, մենք կարող ենք եւ պետք է միասին լուծենք»,- նշել է Բորդյուժան:
Նա նշել է, որ առաջիկա համագործակցության շրջանակներում ծրագրվում է հրավիրել ՇՀԿ-ի գլխավոր քարտուղարին ՀԱՊԿ-ի մասնակից երկրների ներկայացուցիչների նիստին, որը կայանալու է 2007 թվականի հոկտեմբերի 5-6 Դուշանբեում:
Ն. Բորդյուժան նաեւ կարծիք է հայտնել, որ համատեղ զորավարժությունների անցկացումը ՇՀԿ-ի եւ ՀԱՊԿ-ի ձեւաչափում շատ հետաքրքիր միջոցառում կլիներ: «Նման համագործակցությունը թույլ կտա ոչ միայն զուտ ռազմական ուղղվածության խնդիրներ իրականացնել, այլեւ մեր կազմակերպությունների համագործակցության հարցերը մշակել»,- նշել է Ն. Բորդյուժան, հայտնում է ՌԲԿ-ն: